Մատչելիության հղումներ

Շուտով կմեկնարկի «Սդղի գյոլ»-ի գործով դատավարությունը


Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, արխիվ

Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը մեղադրյալների թվում չէ:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին շուրջ ութ ամիս առաջ Գորիսի «Սդղի գյոլ» տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով քրեական հետապնդման չի ենթարկվի: Նախաքննությունն ավարտվել է, երեկ գործը ուղարկվել է դատարան, Տիգրան Խաչատրյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել:

«Սդղի գյոլ»-ում մայիսին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով Գորիսի բնակիչ Հարություն Զաքարյանը, իր պնդմամբ՝ կորցրել է մեկ աչքի տեսողությունը, իսկ նրա եղբայր Մուշեղը քթի կոտրվածք է ստացել: Հարություն Զաքարյանի ցուցմունքի հիման վրա Տիգրան Խաչատրյանը շուրջ չորս ամիջ առաջ կալանավորվել էր:

Ավելի ուշ ծեծկռտուքի մասնակից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց և հայտարարեց, որ ինքն է Հարությունի աչքին հարվածել, ինչից հետո Սյունիքի մարզպետի որդին ազատ արձակվեց: Տիգրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ապացուցվեց, որ Խաչատրյանը ծեծին մասնակցություն չի ունեցել:

«Ով որ ծեծել ա, նրա գործն ա գնացել դատարան»,- «Ազատությանն» ասաց Մարտիրոսյանը:

Տուժած Զաքարյանների հայրը՝ Գագիկ Զաքարյանը, նախկինում «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ինքը արդարության հասնելու համար մինչև վերջ գնալու է՝ պնդելով, որ մարզպետի որդին գոնե ծեծ հրահրելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

Զաքարյանների հետ կապ հաստատել չհաջողվեց, նրանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Սահակյանն էլ չցանկացավ որևէ մեկնաբանությամբ հանդես գալ: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, տուժողները լռում են, քանի որ տեսնում են, որ Խաչատրյանների ընտանիքը արտոնյալ վիճակում է իշխանությունների համար:

«Չմոռանանք, որ նրանք ապրում էին նույն քաղաքում, որտեղ ապրում է Խաչատրյանների ընտանիքը, իսկ այն, որ Խաչատրյանների զավակները վեր են օրենքից և որ նրանք անպատժելի են, սրանում իշխանությունը մեզ հաստատապես համոզում է: Ուղղակի պետք է ցուցանակներ փակցնեն, որ զգուշանան այս ընտանիքից․․․»,- ասաց իրավապաշտպանը:

Այս գործի քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով:

Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանին և նրա որդիներ Մայիս ու Էյներ Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու հոդվածով:

XS
SM
MD
LG