Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

«Ազատություն»․ Քիչ առաջ հայտարարեցիք, որ Հայաստան - Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն: Պարզապես դեռևս փաստեր չունեք, որպեսզի անվանական հրապարակեք դավաճանություն կատարած անձանց անունները: Ինչո՞ւ եք եկել նման համոզման:

Ռուբեն Հայրապետյան․ Ես, որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խաղը չեմ նայում երկրպագուների աչքերով։ Ցավոք սրտի, դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ իրականում եղել է դա, և մեր գործն է, որ դա բացահայտենք և այդ մարդկանց անունները հրապարակվեն։ Ես կարծում եմ, իրականում դա տեղի է ունեցել, մնում է մենք ապացուցենք։ Դա իմ անձնական գործն է։ Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ՝ կլինեն։

«Ազատություն»․ Դուք նկատի ունեք, որ մեր հավաքականի անդամների կողմի՞ց է խաղը վաճառվել:

Հայրապետյան․ Բնականաբար, մեր խաղացողների կողմից է եղել:

«Ազատություն»․ Եվ Դուք այդ համոզմանը եկաք մինչև՞ հրապարակումները սերբական և ալբանական կայքերում:

Հայրապետյան․ Խաղը սկսվելուց կես ժամ հետո արդեն ես հասկացա: Ես ազնվորեն եմ ասում՝ ես նրանց հրապարակումները ո՛չ նայել եմ, ո՛չ հետաքրքրվել եմ: Ինձ իմ տեսածն է հետաքրքրում:

«Ազատություն»․ Դուք խոսեցի՞ք հավաքականի անդամների հետ:

Հայրապետյան․ Առայժմ ոչ: Բոլորդ գիտեք, խաղից հետո բոլոր ֆուտբոլիստները մեկնում են: Նրանք մեկնել են: Բնականաբար, առաջին իսկ հավաքին ես այդ թեմայով կխոսեմ:

«Ազատություն»․ Կհաջողվի՞ բացահայտել:

Հայրապետյան․ Պետք է որ հաջողվի: Այսօր սա ինձ համար ֆուտբոլի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն է: Մեր ամենամեծ պրոբլեմը դա է: Ես, որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իմ ձեռքբերումը համարում էի այն, որ դա վերացրել էի հայկական ֆուտբոլում: Բայց, ցավոք սրտի, իմ ղեկավարման ժամանակ նորից հետ եկավ, և ես հենց այնպես դա չեմ մարսի։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ այդ աղբը վերացնեմ մեր հավաքականից։

«Ազատություն»․ Եթե ունենաք փաստեր, պարզապես հրապարակելո՞ւ եք, թե՞ ինչ-որ քայլեր են հետևելու:

Հայրապետյան․ Միանշանակ հրապարակելու եմ։

«Ազատություն»․ Հավաքականից կհեռացվե՞ն:

Հայրապետյան․ Նման բանը եթե ապացուցում ես, այդ ֆուտբոլիստները ցմահ որակազրկվում են։

«Ազատություն»․ Դուք նաև նշեցիք, թե Հայաստան - Ալբանիա խաղից հետո նույնիսկ պատրաստ էիք հրաժարական տալ: FAF-ի ակտիվիստները արդեն երկու անգամ բողոքի ակցիա են իրականացրել ֆեդերացիայի շենքի առջև, մի շարք պահանջներ են ներկայացնում, նաև Ձեր հրաժարականն են պահանջում: Հնարավո՞ր է, որ հրաժարական տաք, և ո՞ր դեպքում կտաք:

Հայրապետյան․ Եթե այս երիտասարդները մի ամիս ուշացնեին իրենց արարքը, կարող է հրաժարական տայի, բայց հիմա չեմ տա: Չեմ տա, որովհետև ես չեմ համարում, թե վատ եմ աշխատել, ես ապացուցել եմ և կապացուցեմ, որ ես լավ եմ աշխատում, ու այն ժամանակ նոր հրաժարական կտամ․․․ Իրենք երիտասարդներ են, որոնք այդքան լավ չեն հասկանում ֆուտբոլը, և ես, որպես ֆեդերացիայի նախագահ, իրավունք էլ չունեմ նրանց պահանջներով հրաժարական տալ: Մենք ունենք երկու, երեք, չորս ֆան ակումբներ․․․ ամեն մեկը որ իր պահանջը դնի, ի՞նչ կդառնա:

«Ազատություն»․ Դուք նշեցիք, որ այդ անձնաց հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, ովքեր սադրում են, Ձեր դեմ են ուղղորդում: Ո՞ւմ նկատի ունեք:

Հայրապետյան․ Աշխարհի բոլոր լրատվամիջոցները ունեն հետաքննության ձևեր: Եվ ցանկալի կլիներ, որ Հայաստանում էլ դա լիներ: Օրինակ, դուք արեք, մի թեթև զբաղվեք՝ կտեսնեք ովքեր են իրենց հետևում կանգնած:

«Ազատություն»․ Ինչպիսի՞ շարժառիթներ են՝ քաղաքակա՞ն, ֆինանսակա՞ն։

Հայրապետյան․ Բնականաբար, քաղաքական շարժառիթներ են:

«Ազատություն»․ Եվ վերջին հարցը: Դուք ասում եք, որ FAF-ի պահանջները չեն կատարվելու, Ձեզ հետ ուլտիմատումներով չի կարելի խոսել և Դուք չեք պատրաստվում հրաժարական ներկայացնել: Ո՞ր դեպքում հրաժարական կներկայացնեք:

Հայրապետյան․ Հավաքականի առջև շատ կարևոր խնդիր է ծառացած: Ես այդ խնդիրը մինչև չհարթեմ, չլուծեմ այդ խնդիրը․․․ Ինքս, ազնվորեն, հոգնել եմ, ես էլ եմ սպառել ինձ: Ազնվորեն ասում եմ: Բայց ես չեմ թողի էս վիճակում: Խնդիր կա՝ իմ ժամանակ է այդ աղբը լցվել, ես պիտի մաքրեմ ու նոր գնամ։ Ինձ այդքան չի հետաքրքրում բացահայտել պատժելը, այլ բացահայտել մաքրելը՝ որ մյուսների համար դաս լինի, մյուս սերունդները չանեն։

XS
SM
MD
LG