Մատչելիության հղումներ

Մոսկվան և Անկարան այսօր ավելի զուսպ են


Ռուսաստան - Բողոքի ակցիա Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստան - Բողոքի ակցիա Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց, 25-ը նոյեմբերի, 2015թ․

Այսօր ռուսաստանցի բլոգերներն արդեն չեն գրում՝ «Գնա՛նք Ստամբուլը գրավենք», քանի որ իշխանությունները զուսպ են իրենց գնահատականներում և գոնե այսօրվա դրությամբ կարծես թե չեն շտապում պատերազմ հայտարարել Թուրքիային, թեև կոշտ հայտարարություններ դեռ հնչում են:

Թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի օդուժի կողմից խոցված Су-24 ռուսական ռազմական օդանավի երկրորդ օդաչուն, ինչպես այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փրկվել է, Սիրիայում ռուսական ռազմաբազայում է և պարգևատրվելու է, ինչպես և հետմահու պարգևատրվելու է զոհված օդաչուն: Պուտինը հավելել է, որ ռուս զինվորականներին պաշտպանելու նպատակով Սիրիայում տեղակայված ռուսական բազայում տեղադրվելու է C-300 համակարգը:

Երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, այսօր հայտնել է, որ Սիրիայի «Հմեյմիմ» ռազմակայանում տեղադրվելու է C-400 համակարգ:

Երեկ, հիշեցնենք, մեկնաբանելով Су-24-ի կործանումը՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր․ - «Սա թիկունքից հարված էր, որը միանշանակորեն ազդելու է ռուս-թուրքական հարաբերությունների վրա»:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նույնպես այսօր կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես, ասելով․ - «Թուրքիայի իշխանությունների հանցավոր անխոհեմ գործողությունները բերել են նախ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վտանգավոր սրման, երկրորդ՝ Թուրքիան իր գործողություններով ցույց տվեց, որ պաշտպանում է «Իսլամական պետության» գրոհայիններին»: Դա, ըստ Մեդվեդևի, ամենևին էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ուղղակիորեն ֆինանսական հետաքրքրություն ունեն, որոնք առնչվում են «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ նավթի առևտրին:

Ըստ Ռուսաստանի վարչապետի՝ վտանգված են ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները, այդ թվում նաև՝ տնտեսական և հումանիտար ոլորտներում:

Այդուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունները, չնայած կոշտ հայտարարություններին, կարծես թե չեն ցանկանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունները է՛լ ավելի սրել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, այսօր մասնավորապես հայտարարել է, որ Су-24-ը գրոհելիս թուրք զինվորականները չեն իմացել, որ ռուսական օդանավ են գրոհում:

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից և ընդամենը իր անվտանգությունն է ապահովել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG