Մատչելիության հղումներ

«Ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումը հարված է ահաբեկչության դեմ պայքարին». Սեյրան Օհանյան


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիմավորում է իր սերբ գործընկեր Բրատիսլավ Գաշիչին, 25 նոյեմբերի, 2015թ.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիմավորում է իր սերբ գործընկեր Բրատիսլավ Գաշիչին, 25 նոյեմբերի, 2015թ.

Թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումը հարված է ահաբեկչության դեմ պայքարին, այսօր Պաշտպանության նախարարությունում Սերբիայի իր գործընկերոջ հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Իհարկե, այսօր միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է հենց այդ դեպքին, որ տեղի ունեցել Սիրիայի տարածքում։ Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, դա ուղղակի, կարելի է ասել, հարված էր հենց այդ ջանքերին»,- հայտարարեց Օհանյանը։

Երեկ թուրք-սիրիական սահմանի մոտ Թուրքիայի զինված ուժերի F-16 կործանիչը խոցեց մարտական առաջադրանք կատարող ռուսական Су-24 ռմբակոծիչը: Ռուսական օդանավի երկու օդաչուներից մեկը սպանվել է, երկրորդը՝ փրկվել: Երեկ ոչնչացվեց նաև Су-24-ի օդաչուներին որոնելու մեկնած ռուսական երկու ուղղաթիռներից մեկը, զոհվեց փրկարարական առաքելությանը մասնակցող զինծառայող:

Պաշտոնական Անկարան պնդում է, որ ռուսական ռազմական օդանավը խախտել է իր սահմանը։ Ռուսաստանը հերքում է, նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ սպառնաց՝ տեղի ունեցածը «լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար»:

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերներ ենք, և սրանից էլ բխում է այն տեսակետը, թե ինչպիսի հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ։ Կարծում եմ, որ հիմա պետք է սպասել և տեսնել ինչպիսի զարգացումներ տեղի կունենան։ Համենայնդեպս, համապատասխան որոշումներ կընդունվեն ղեկավարների կողմից, կարծում եմ, որ նաև միջազգային հանրության ջանքերը այսօր պետք է ուղղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն»,- ընդգծեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմա-քաղաքական դաշինքի մեջ են, Երևանում ու Գյումրիում կան ռուսական ռազմակայաններ, ներառյալ՝ օդուժ: Մյուս կողմից Թուրքիան սահմանակից է, և նախարար Օհանյանից հետաքրքրվեցինք՝ տեղի ունեցածի պատճառով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմուժը, հայկական հակաօդային պաշտպանությունը արդյոք բերվե՞լ են մարտական բարձր պատրաստության:

«Ընդհանուր առմամբ ՌԴ հետ մենք ունենք ընդհանուր օպերատիվ և մարտական պլանավորում, և այդ պլանավորման շրջանակներում ենք իրականացնում մեր ընդհանուր գործունեությունը։ ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունը այստեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները, որոնք դրված են ՀՀ-ի առջև։ Կարծում եմ, այս պլանների շրջանակներում էլ մենք այսօր գործում ենք»,- արձագանքեց նախարարը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, դիվանագիտական առումով Հայաստանը շահում է, քանի որ ռուս-թուրքական այս ճգնաժամը վերջ դրեց Պուտինի ու Էրդողանի առանձնահատուկ հարաբերություններին, սակայն մյուս կողմից՝ Երևանը կարող է խնդիրների բախվել:

«Հաշվի առնելով, որ Հայաստանում ռուսական ռազմակայանն է, և Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը իր երևանյան վերջին այցելության ընթացքում ցանկանում էր ստանալ Հայաստանի իշխանությունների համաձայնությունը՝ օգտագործելու «Էրեբունի» օդանավակայանը Սիրիայում ռուսական զինուժի գործողությունների համար, սա կարող է թիրախ դարձնել Հայաստանը, և հարվածելով Հայաստանին` Թուրքիան կարող է ուղերձ հղել Ռուսաստանին: Մյուս կողմից, Հայաստանը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից՝ Թուրքիայի ուղերձ հղելու համար: Հայաստանը պետք է լինի շատ նրբանկատ»,- ասաց փորձագետը։

Հայաստանն ու Սերբիան ռազմական համագործակցություն են սկսում

Ինչ վերաբերում է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հայաստանյան այցին, ապա ասուլիսի ընթացքում նշվեց, որ 2016 թվականից Երևանն ու Բելգրադը սկսելու են համագործակցել ռազմական ոլորտում, և այդ նպատակով այսօր փաստաթուղթ է ստորագրվել:

XS
SM
MD
LG