Մատչելիության հղումներ

Իրավապահները շարունակում են հատուկ գործողությունները


Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ, Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Իրավապահները Նորք-Մարաշում օպերատիվ գործողությունների ժամանակ, Երևան, 25-ը նոյեմբերի, 2015թ.

Այս պահին Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները շարունակում են աշխատել Նորք-Մարաշ 9-րդ փողոցի այն տանը, որտեղ վաղ առավոտյան «կազմակերպված հանցավոր խմբակցություն» է վնասազերծվել։

«Ազատության» փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները լուռ են և որևէ տեղեկություն չեն փոխանցում լրագրողներին։

Նշենք, որ քիչ առաջ մեկ բեռնատար և մի քանի մարդատար մեքենաներ դուրս եկան տարածքից։ Ըստ տեղում շրջանառվող լուրերի, դրանց միջոցով դուրս բերվեց տանը հայտնաբերված զենք-զինամթերքը։

Հարևաններից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ տան տերերը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեին և ստիպված տունը վարձակալության են հանձնել։ Նրանց խոսքով, տան նոր բնակիչները սփյուռքահայեր էին։

Հարևաններից մեկը բողոքեց, որ նոր բնակիչների օրոք տնից մշտապես բարձր աղմուկ է լսվել, որը խանգարել է հարակից տների բնակիչներին։

Հարևանները պատմեցին, որ մոտավորապես առավոտյան ժամը 5-ին աղմուկ են լսել, դուրս են եկել ու տեսել, թե ինչպես են դիմակավորված անձինք դարպասը կոտրում և ներս մտնում։

Այսօր, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ Երևանում բացահայտվել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որը նպատակ է հետապնդել Հայաստանի տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Ըստ հաղորդագրության, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը։ Խմբի տասը անդամները ձերբակալվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG