Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն»-ը սպառնում է Վրաստանին


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը

Համացանցում տարածված տեսանյութում սպառնալիքներ հնչեցնող չորս անձինք էլ Վրաստանի քաղաքացիներ են:

Համացանցում երեկ մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման անունից չորս հոգի վրացերենով սպառնում են Վրաստանի քաղաքացիներին, որոնք մահմեդականներին դեմ են արտահայտվում։ Նրանք հայտարարում են, որ «խալիֆաթը» շուտով Վրաստան կհասնի, և բոլոր նրանք, ովքեր մահմեդականներին նեղացնում են, կպատժվեն։

Վրաստանի անվտանգության ծառայությունն արդեն հայտարարել է, որ ուսումնասիրություն է սկսել։

Նոյեմբերի 24-ին համացանցում տեղադրված տեսանյութի անձանց ինքնությունն արդեն պարզվել է, նրանք Վրաստանի քաղաքացիներ են: Մեկը Խվիչա Գոբաձեն է, նրա հայրը՝ Իլյա Գոբաձեն հաստատել է, որ Խվիչան երկու ամիս առաջ մի քանի ընկերների հետ գնացել է Թուրքիա, բայց ինքը չգիտի, թե հիմա որտեղ է նա գտնվում։ Հայրն ասել է, որ որդին ծայրահեղ իսլամիզմի հետևորդներից էր։

«Գրուզիա օնլայն»-ը հրապարակում է նաև մյուս երեքի ինքնությունը՝ Ռոբերտ Պակսաձե, Բադրի Իրեմաձե և Մամուկա Անթաձե։

«Ազատության» ծառայության «Էխո Կավկազա» խմբագրությունը հիշեցնում է, որ նույն օրը Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Պանկիսի կիրճի բնակիչ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Բորչաշվիլիին։ Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորումների գործողություններին մասնակցելու մեջ։

Բորչաշվիլին նախօրեին էր վերադարձել Վրաստան։ Նա խոստովանել է, որ մասնակցել է Սիրիայի մարտական գործողություններին, բայց հերքել է «Իսլամական պետության» խմբավորումների հետ կապ ունենալու մեղադրանքը։ Նրա փաստաբանն ասել է, թե իր պաշտպանյալը կապ ունի «Սիրիական ազատ բանակի» հետ, որն ահաբեկչական կազմակերպություն չի համարվում։

29-ամյա Բորչաշվիլիին մեղադրանքը առաջադրվել է հիվանդանոցում։ Մի քանի ամիս առաջ նա Սիրիայում վիրավորվել էր, հիմա բարդություններ ունի և Թուրքիայից վերադարձել էր Թբիլիսի ու իսկույն տեղափոխվել հիվանդանոց՝ վիրահատության նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG