Մատչելիության հղումներ

Թուրքիային պետք էր «խառնել քարտերը, որտեղ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները մերձենում էին»


Դրա համար է, որ դեպքից հետո Թուրքիան միանգամից դիմեց ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին, բայց չզանգեց Ռուսաստան, ասում է Թևան Պողոսյանը։

«Իսկապես ուրախ եմ, որ Ռուսաստանը այլևս իրեն կաշկանդված չի զգում և ասում է, որ Թուրքիան իսկապես նպաստում է ահաբեկչությանը և ահաբեկիչներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևոն Պողոսյանը: Նա նշեց, որ շատ երկրների ներկայացուցիչներ նույնպես սկսում են բարձրաձայնել, որ դա հենց Թուրքիան է։

«Ինքս առիթ եմ ունեցել երկու տարի անընդմեջ, նույն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի բոլոր բանաձևերի ժամանակ, երբ որ քննարկվում էր տեռորիզմի ֆինանսավորման դեմ պայքարի խնդիրները, ամեն անգամ նշելու՝ «կներեք, երբ որ ասում եք՝ նավթի թրաֆիքինգ է տեղի ունենում, կամ պատմական արժեք ունեցող հունական և այլ մշակույթներին պատկանող կոթողներ են տեղափոխվում և վաճառվում աշխարհում և դրանից գումարներ են աշխատում, այդ ո՞ր երկրի միջոցով է գնում»։ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ Թուրքիան այնպիսի մի իրավիճակ է ձևավորել, որ ՆԱՏՕ-ի անդամներն ինչ-որ չափով ասում են՝ «դե մենք ուսումնասիրում ենք», և այլն», - ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով, արդեն Բրյուսելում էլ, որտեղ ինքը անցած շաբաթ որպես Հայկական ատլանտյան ասոցիացիայի նախագահ մասնակցում էր Ատլանտյան դաշնագրի ասոցիացիայի (ԱԴԱ) ​վեհաժողովին, տարբեր երկրների ներկայացուցիչներ խոսում էին Թուրքիայի բացասական դերակատարության մասին․ - «Շատ երկրների ներկայացուցիչներ նշում էին, որ իսկապես Թուրքիան շատ բացասական դերակատարում է խաղում և չի կարողանում իր սահմանները պաշտպանել, և այլևս գաղտնիք չէր, որ մարդիկ սկսում էին օգտագործել Թուրքիային կամ Թուրքիայի առջև պահանջ էին դնում, որ ինքը պետք է նաև, մի կողմից գոչելով, որ միանում է ահաբեկիչների դեմ պայքարին, պետք է քայլեր ձեռնարկի և դադարեցնի իր այդ վարած քաղաքականությունը»։

Երեկ Թուրքիան խոցեց ռուսական Cy 24 ռազմական ինքնաթիռը՝ պատճառաբանելով, թե այն հայտնվել էր իր օդային տարածքում։ Հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան գնաց այս գործողությանը, Թևան Պողոսյանը պատասխանեց. - «Ռուսաստանը, սկսելով ռազմական գործողություններ և «Իսլամական պետության» դեմ պայքարը իրական հաջողությունների հասնելու, ինչպես նաև, օրինակ, վերջին երկու օրերի ընթացքում 5 հազարից ավելի նավթային ավտոշարասյուն ոչնչացնելով, բնականաբար, սկսեց ներազդել նրա վրա, որ ֆինանսավորումը «Իսլամական պետության» ինչ-որ չափով դադարում էր։ Միայն այդ գումարը հաշվարկված էր 560 միլիոն դոլարի նավթային պաշարի ոչնչացում, բնականաբար՝ դրանք բոլորը պետք է վաճառվեին Թուրքիայում. իրենք գնում էին շատ մատչելի գնով՝ մոտ 20 դոլարով, իսկ գաղտնիք չէ, որ աշխարհի ամենաթանկ վառելիքը՝ բենզինը, այսօրվա դրությամբ վաճառվում է նույն Թուրքիայում, որտեղ մեկ լիտրը հասնում է առնվազն 5 դոլարի, և, բնականաբար, Թուրքիան ինքը մեծ կորուստներ էր այստեղ ունենում»։

Ըստ ԱԺ պատգամավորի, Թուրքիային պետք էր մի գործողություն, որ «փորձեր խառնել բոլոր այն եղած քարտերը, որտեղ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն ինչ-որ չափով մերձենում էին»։ «Հենց դրա համար է, որ դեպքից հետո Թուրքիան միանգամից դիմեց ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպաններին հավաքագրեց, փորձեց դիմել բոլոր այլ մնացած գործընկերներին, բայց այդպես էլ մեկ զանգ չարեց նույն Ռուսաստան», - ընդգծեց Պողոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG