Մատչելիության հղումներ

«Ազատության» հարցումները ցույց տվեցին, որ պոլիկլինիկաներում ծնողներին չեն տեղեկացնում անվճար դեղորայք ստանալու հնարավորության մասին։

Թեպետ կառավարության որոշմամբ պոլիկլինիկաներում 0-7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերն անվճար են, այդուհանդերձ, «Ազատության» հարցումները ցույց տվեցին, որ քչերը գիտեն այդ մասին: Ընդ որում այդ ցանկում ընդգրկված դեղերի շուկայական գները տատանվում են 2000- 6000 դրամի սահմաններում։ Խոսքը վերաբերում է հազի դեղերին, ջերմիջեցնողներին, փոքրիկի ծննդյան առաջին ամիսներին անհրաժեշտ վիտամիններին, անգամ հատուկ բաղադրությամբ կաթնախառնուրդներին:

Վերոնիկա Խորասանյանն իր 7 ամսական առաջնեկին հաճախակի բուժզննումների է տանում տեղամասային պոլիկլինիկա, բայց այն մասին, որ դեղատնից գնելու փոխարեն դեղերը կարող է պոլիկլինիկայից անվճար ստանալ, առաջին անգամ մեզնից լսեց:

«Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ Հայաստանի Հանրապետությունում մանկական պոլիկլինիկաները պետք է մայրերին այս կամ այն հիվանդության համար դեղորայք տրամադրեն։ Մեր պարտականությունը չէ կարդալ, օրենքի տառը իմանալ, այլ դիմացինը պետք է առաջարկի»,- ասաց նա։

Անվճար տրամադրվող դեղերի մասին ծանուցումն ու բոլոր հիվանդությունների բուժման համար հատկացվող դեղերի ցանկը, օրենքի համաձայն, պետք է փակցված լինի պոլիկլինիկաների պատերին: Զրուցակիցս տարակուսեց՝ քանի՞ ծնող է կարդում պատերին փակցված բոլոր հայտարարությունները:

«Միգուցե մեկ տոկոս բացթողումը մերն է, որ մենք հետևողական չենք եղել։ Արդեն փոքրիկ երեխայի հետ գնալը, սպասել մինչև հերթը քեզ կհասնի, արդեն բավականին ստրես է, մի բան էլ ընկնես, պատերին հայտարարություն կարդաս, քո իրավունքը պահանջես»,- ասաց Խորասանյանը։

Ֆեյսբուքյան խմբերից մեկում, որը 10 հազարից ավելի ծնողներ են հավանել, հարցրել էինք, թե ովքե՞ր են տեղյակ անվճար տրամադրվող դեղերի մասին: Ծնողներից ոմանք գրել էին, որ մանկաբույժներն իրենց չեն իրազեկել, ոմանք առհասարակ չգիտեին, մյուսներն էլ գրել էին, որ մի քանի անգամ դիմել են անվճար դեղեր ստանալու համար, բայց բժիշկը պատասխանել է, որ չունեն:

Փոքրիկ հարցում կատարեցինք մայրաքաղաքի փողոցներում. մեզ հանդիպած մայրիկներից ու տատիկներից ոմանք տեղյակ էին անվճար դեղեր ստանալու իրենց իրավունքի մասին, բայց ասացին՝ պոլիկլինիկաներում այդ մասին իրենց ոչ ոք ոչինչ չի ասել: Զրուցակիցներիցս մեկն էլ մեր ներկայությամբ զանգահարեց դստերը՝ ճշտելու համար՝ արդյոք անվճար դեղ մանկական պոլիկլինիկայում իրենց տրամադրե՞լ են: «Մայրն ասաց՝ միշտ դեղատնից է վերցնում, ինքը ասում է՝ ընկերուհիները դիմել են, ասել են՝ չունենք, էս պահին չկա»։

Ինչո՞ւ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պոլիկլինիկաները պատշաճ կերպով չեն իրազեկում ծնողներին անվճար տրամադրվող դեղերի օրենքի մասին, ինչո՞ւ ծնողներից շատերը չեն կարողանում պոլիկլինիկաների պատերին գտնել տրամադրվող դեղերի ցանկն ու դրա մասին ծանուցումը և ինչպե՞ս է վերահսկվում այս գործընթացը. Երևանի քաղաքապետարանից խոստացան, որ մեր այս հարցերին կպատասխանեն առողջապահության վարչությունից: Մինչև այս պահը, սակայն, որևէ պատասխան չենք ստացել:

Իրազեկման պատասխանատվությունը կրում է պոլիկլինիկաների բուժանձնակազմը։ Թե դրանում թերացողներն ինչ պատասխանատվության են ենթարկվում՝ այս հարցն անպատասխան թողեցին թե՛ առողջապահության նախարարությունից և թե՛ քաղաքապետարանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG