Մատչելիության հղումներ

Թուրք դիվանագետ․ Փակ սահմանի պատճառով «կորցնում ենք տնտեսական համագործակցության հնարավորությունը»


Թուրքիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի պետի տեղակալ Գոհան Թուրանը:

Թուրքիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի պետի տեղակալ Գոհան Թուրանը:

Թուրքիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի պետի տեղակալ Գոհան Թուրանը նաև չի հերքում, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և սահմանի բացումը կապում է ղարաբաղյան խնդրի հետ:

Հայ-թուրքական արձանագրությունների տապալումը Թուրքիայի արտգործնախարության պաշտոնյաները հիմնավորում են Հայաստանի Սահմանադրական դատարանի վճռին կից հիմնավորումներում իրենց համար անընդունելի ձևակերպումներով։

«Այս տարիների ընթացքում Թուրքիան բազմաթիվ փորձեր է կատարել երկու երկրների միջև վստահության վերականգնման համար, սակայն, ցավոք, մենք նման մոտեցում չենք նկատում Հայաստանի կողմից», - հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի պետի տեղակալ Գոհան Թուրանը։

«Թեև արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից, այդ որոշմանը կցված հիմնավորումներում նախապայմաններ և սահմանափակումներ էին դրված, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն։ Այդ ձեր խորհրդարանն էր, որը որոշեց հետ կանչել արձանագրությունները, ոչ թե Թուրքիան», - ասաց Թուրանը։

Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյան չի հերքում, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և սահմանի բացումը կապում է ղարաբաղյան խնդրի լուծման հետ․ - «Դա մեզ համար շատ դժվար է»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունները ստորագրվել էին Ցյուրիխում՝ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այնուհետև հունվարին, Հայաստանի Սահմանադրական դատարանը դրանք ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխան, սակայն որոշակի մեկնաբանություններով էր հանդես եկել, որոնցից մեկում, մասնավորապես, նշվում էր, թե արձանագրությունները չեն կարող հակասել «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 11-րդ կետի պահանջներին։ Հռչակագրի այդ կետով ամրագրվում է, որ «Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Թուրքիայի արտգործնախարարության հետազոտությունների բաժնի պետի տեղակալ Էլիֆ Չոմօղլու Ուլգենի կարծիքով, «20-րդ դարասկզբի դեպքերը» ոչ մի առնչություն չունեն սահմանի բացման հետ, և այս թեման բարձրացնելով՝ հայկական սփյուռքը խանգարում է Հայաստան - Թուրքիա բանակցություններին․ - «Երբ լսում եմ խոսակցություններ, որ իբր սահմանի փակումը ցեղասպանության շարունակություն է, կամ ժխտողական քաղաքականության շարունակում, չեմ կարողանում ձեզ հասկանալ։ Միգուցե որովհետև ես իրատես եմ, կամ պատմաբան չեմ և էմոցիոնալ անձնավորություն չեմ։ Ես հարգում եմ ձեր զգացմունքները: Ես, իհարկե, չեմ կարող դրանք ժխտել, և Թուրքիան ևս չի ժխտում հայերի զգացմունքները։ Եթե դուք ուզում եք դա ցեղասպանություն անվանել, անվանեք, բայց մի սպասեք ինձանից՝ որպես Թուրքիայի քաղաքացի, կամ մեկից, ով գրում, կարդում է, հետևում օրենքներին և քաղաքական իրականությանը, 1915-ի դեպքերը ցեղասպանություն անվանել։ Ես չեմ կարող։ Ես պայքարելու եմ այս գաղափարի դեմ: Ինչո՞ւ: Որովհետև կարծում եմ, որ անարդար է ամբողջ թուրք ժողովրդին, որը ապրել է այդ ժամանակ, անվանել ցեղասպանողներ, և ինձ համարել նրանց թոռը, ով ցեղասպանության է կատարել»։

«Ազատության» հարցին, թե ինչ է կորցնում Թուրքիան Հայաստանի հետ փակ սահմաններ ունենալու պարագայում, Գոհան Թուրանը պատասխանեց․ - «Մենք չենք ունենում խաղաղ տարածաշրջան և կորցնում ենք տնտեսական համագործակցության հնարավորությունը։ Այդ դեպքում քառորդ դար տևող խնդիրը կլուծվի մեզ համար, մեր արտաքին քաղաքականությունն ասում է, որ մենք ցանկանում ենք խաղաղ շրջան ունենալ։ Մենք հույս ունենք, որ դուք ևս կկիսեք մեր տեսակետները»:

Փակ սահմանի հետևանքների մասին Թուրքիայի սահմանամերձ գյուղերում ուսումնասիրություն է անցկացրել Հրանտ Դինքի հիմնադրամը։ Հիմնադրամի ներկայացուցիչ Բուրջու Բեջերմենի խոսքով, տնտեսական կորուստներից բացի, այլ խնդիրներ էլ կան․ - «Նրանք ասում են՝ փակ սահմանը պատիժ է նախևառաջ մեզ համար, քանի որ մենք ապրում ենք Հայաստանի հետ կողք-կողքի։ Ստամբուլում բնակվողները կարող են Հայաստան թռչել և վերադառնալ։ Մենք միակն ենք, որ զրկված ենք այս հնարավորությունից»։

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով, Թուրքիայի ղեկավարությունը դեռ պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։

«Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մասին տարիներ շարունակ նաև Հրանտ Դինքն էր խոսում, սակայն իշխանություններն այդպես էլ չլսեցին նրա ձայնը», - ասաց Էստուկյանը: - «Որովհետև թուրքական պետությունը հիմնված է խարխուլ մի պատի վրա: Այդ պատից եթե մեկ աղյուս հանես, կարող է փլվել այդ պատը: Եվ Հրանտը այդ աղյուսը տեսել էր, և փորձում էր այդ աղյուսը տեղից հանել: Իրենք էլ դա նկատեցին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG