Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց իր այցը Թուրքիա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ Թուրքիա կատարվող ուղևորություններից:

Վաղը Ստամբուլում ծրագրված ռուս-թուրքական գագաթնաժողովը չի կայանա: Դա պարզ դարձավ երեքշաբթի երեկոյան` թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24 ռազմական օդանավի կործանումից հաշվված ժամեր անց: Այս մասին Սոչիում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահը հստակորեն ասաց, որ տեղի ունեցածը չի կարող չազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այդ առթիվ որոշում է կայացվել չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների այն հանդիպումը, որ նախատեսված էր անցկացնել վաղը Ստամբուլում` այսպես կոչված Ռազմավարական ծրագրավորման համատեղ խորհրդի շրջանակներում»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը` հասկացնելով, որ պաշտոնական Մոսկվան թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպին ի պատասխան պատրաստվում է նաև տնտեսական լծակներ կիրառել Անկարայի դեմ:

Դրանցից առանցքայինը Թուրքիա մեկնող ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատումն է: «Ռոստուրիզմ»-ի՝ Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային ծառայության տվյալներով՝ 2014-ին Թուրքիա այցելած ռուսաստանցիների թիվը 4 միլիոն 380 հազար էր կազմել: 2015 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը 1.5 միլիոն էր: Այժմ Ռուսաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ Թուրքիա կատարվող ուղևորություններից:

«Անկախ այն դեպքից, որ տեղի ունեցավ այսօր, թուրքական տարածքում ահաբեկչական դրսևորումներին կրիտիկական զանգված է կուտակվել: Մեր գնահատմամբ՝ այդ սպառնալիքները նույնքան են, որքան Եգիպտոսում։ Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ չենք տալիս մեր քաղաքացիներին այս փուլում մեկնել Թուրքական Հանրապետություն զբոսաշրջության կամ որևէ այլ նպատակով»,- հայտարարեց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից քիչ անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի խոշորագույն զբոսաշրջային օպերատորներից մեկը՝ «Նատալի Տուրզ» ընկերությունը դադարեցնում է Թուրքիա ուղեգրերի վաճառքը: «Մեր գործունեության մեջ մենք նախևառաջ առաջնորդվում ենք արտերկիր մեկնող զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներով»,- նշված է զբոսաշրջային ընկերության հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG