Մատչելիության հղումներ

Վրաստանում քննում են ահաբեկչության սպառնալիք պարունակող տեսանյութը


Վրաստանի պետական անվտանգության ծառայության շենքը

Վրաստանի պետական անվտանգության ծառայության շենքը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել համացանցում «Իսլամական պետության» անունից սպառնալիքներ սփռող տեսանյութի կապակցությամբ:

Ավելի քան 12 րոպե տևողությամբ տեսանյութում 4 երիտասարդ վրացերենով սպառնում են նրանց, որոնք «պայքարում են Վրաստանում իսլամի դեմ»։ Իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող անձինք Վրաստանի մահմեդականներին կոչ են անում միանալ «խալիֆայությանը»։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ տեսանյութի միջոցով կոչով դիմողները Վրաստանի՝ Թուրքիային սահմանակից Աջարիա ինքնավար հանրապետությունից են:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նինո Գիորգաբիանին ֆեյսբուքյան էջի միջոցով լրատվամիջոցների խնդրել է զերծ մնալ ահաբեկչական սպառնալիքներ պարունակող տեսանյութի տարածումից՝ ելնելով պետական շահերից:

Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովին կոչ է արել արտահերթ նիստ հրավիրել խորհրդարանում՝ կապված «Իսլամական պետության» անունից հրապարակված տեսահոլովակի և ահաբեկչությանը դիմակայելու հարցերի հետ:

«Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան այսօր կոչ է արել շտապ ստեղծել մի կառույց, որտեղ հնարավոր կլինի հավաքել ահաբեկչության նախապատրաստությունների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: Ալասանիան կարևոր է համարել նաև ֆինանսական հատկացումներն ուղղել «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով:

«Իրավիճակը Եվրոպայում և աշխարհում շատ է թեժացել, ահաբեկչության վտանգը շատ մեծ է, քանի որ տեղում՝ Իրաքում և Սիրիայում, լուրջ ռմբակոծությունների հետևանքով «Իսլամական պետության» գործողությունների տարածքը նկատելիորեն կրճատվել է: Ինչպես երևում է՝ նրանք որոշել են այդ պայքարը տեղափոխել Եվրոպայի սիրտ, այդ թվում այնպիսի երկրներ, որտեղ կարող են ընտրել թիրախներ»,- «Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ ասել է Ալասանիան:

Մինչդեռ, խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարությունն առայժմ վաղաժամ է համարում նման քայլերի դիմելը: «Ես կարծում եմ՝ ավելի լավ կլիներ մեր ժամանակն ու էներգիան կենտրոնացնեինք անվտանգության ծառայությունների վրա, և ավելի ուշ մենք կքննարկենք նրանց գործունեությունը»,- ասել է հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

Վրաստանի վարչապետի նախկին խորհրդական Գիա Խուխաշվիլիի գնահատմամբ, աշխարհի օրակարգը փոխվել է, և դա, ըստ փորձագետի, լուրջ մարտահրավեր է նաև Վրաստանի կառավարության համար: Մինչդեռ, փորձագետի խոսքով, կառավարությունը ոչ միայն չի փնտրում ահաբեկչության խնդրի կարգավորման ճիշտ տարբերակը, այլև չի տեսնում խնդիրները: Ըստ նախկին խորհրդականի, գործին չի օգնում միայն խոսելն այն մասին, թե «ով սահմանով անցավ այստեղ կամ այնտեղ»:

Ի դեպ, վրացական դատարանն այսօր որոշել է մինչև գալիք տարվա հունվարի 13-ը նախնական կալանքի տակ պահել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ մեղադրվող 29-ամյա Դավիթ Բորչաշվիլիին: Նա ձերբակալվել էր նոյեմբերի 22-ին՝ Վրաստան վերադառնալիս: Ընտանիքի անդամներն ավելի վաղ տեղեկացրել էին, թե Բորչաշվիլին մեկնել էր Թուրքիա՝ աշխատելու:

Վերջին տասն օրում Վրաստանի սահմանն ապօրինի հատելու փորձերի հետևանքով ձերբակալվել է 32 մարդ, տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարությունը: 479 անձի չի թույլատրվել հատել սահմանը: Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ սահմանային հսկողության խստացումից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG