Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանության գործն ուղարկվել է դատարան


Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությունը, Գյումրի, 21-ը հունվարի, 2015թ․
Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությունը, Գյումրի, 21-ը հունվարի, 2015թ․

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Դատախազությունը Ավետիսյանների սպանության գործն ուղարկել է դատարան։ Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից և ուղարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

«Ըստ ընթացակարգի, արդեն կմակագրվի, թե գործը որ դատավորին պետք է փոխանցվի, ու նիստի օրը կնշանակվի», - ասացին դատախազությունից։

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին ավելի ուշ հաղորդագրություն տարածեց նաև Հայաստանի քննչական կոմիտեն:

«Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է Գյումրի քաղաքում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել Հայաստանի պետական սահմանը», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, նախաքննությամբ պարզվել է, որ Վալերի Պերմյակովը 2014 թվականի մայիսի 21-ին զորակոչվել է Ռուսաստանի զինված ուժեր և ծառայության անցել Զաբայկալյան երկրամասի Պեսչանկա գյուղի մոտ: Հետագայում կլիմայական տաք պայմանների և դրամական բավարարման բարձր չափի պատճառով ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: 2014 թվականի նոյեմբերի 28-ին, ի թիվս այլ զինծառայողների, Պերմյակովը տեղափոխվել է և ծառայությունը շարունակել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում: Նրան ամրակցվել է ԱԿՍ-74 տեսակի N համարի ինքնաձիգը՝ 689 համարի սվին դանակով:

Քննչական կոմիտեն նշում է, որ 2015 թվականի հունվարի 12-ին Պերմյակովն իրեն ամրակցված ինքնաձիգով, 5.45 միլիմետր տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով՝ շրջել է Գյումրի քաղաքում:

«Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում. - «Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող երեխայի մարմնի կենսական կարևոր օրգաններին, թեև ուներ երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է»։

Ըստ հաղորդագրության, նախնական քննության տվյալներով՝ Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» տեսակի բջջային հեռախոսներ, 6 հազար դրամ կանխիկ գումար և դեպքի վայրից հեռացել: Այնուհետև Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի պահպանվող պետական սահմանի հատված։

«Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը: Նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեին, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։

«Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG