Մատչելիության հղումներ

Նոր մեղադրանք՝ Բյուրեղավանի գիշերօթիկում չարաշահումների, բռնությունների գործով


Բյուրեղավանի գիշերօթիկը, նոյեմբեր, 2014թ․
Բյուրեղավանի գիշերօթիկը, նոյեմբեր, 2014թ․

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաստատության տարբեր պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում կատարելու, ուսումնադաստիարակչական գործընթացի ժամանակ մի շարք սաների ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքեր։

Ըստ կոմիտեի, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական բնույթի չարաշահումներն արձանագրվել են 2004 -2014, իսկ սաների նկատմամբ բռնությունները՝ 2010-2014 թվականներին։

2001 թվականի ապրիլի 17-ից «Բյուրեղավան քաղաքի թիվ 4 գիշերօթիկ դպրոց»-ի տնօրենի, իսկ 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 2-ը նույն դպրոցի իրավահաջորդ՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Գայանե Մարգարյանը։

«Նախնական քննության տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ՝ 2004-2014 թվականներին ՊՈԱԿ-ում որպես աշխատակիցներ հրամանագրվել են փաստացի աշխատանքներ չկատարող մի շարք անձինք. 2004 թվականին հրամանագրվել է երկու անձ, որոնց թիվը 2007 թվականին դարձել է երկու տասնյակից ավելի, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում՝ այդպիսով կեղծելով դրանք, որոնք հաստատվել են տնօրենի ստորագրությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, կազմվել են աշխատավարձի հաշվարկի կեղծ փաստաթղթեր, և նշված անձանց անունով ելքագրվել աշխատավարձերի, ամենամյա արձակուրդայինների գումարները, որոնք յուրացվել են, վատնվել։

Բացի այդ, նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, «որ նշված ուսումնական հաստատությունում տղաների, ինչպես նաև ուսումնադաստիարակչական գործընթացի այլ փուլերում՝ 2010 - 2014 թվականների ընթացքում, պարբերաբար բռնություն է գործադրվել, տնօրենի բնորոշմամբ, «կարգազանց» անչափահաս սաների նկատմամբ՝ նրանց պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Տուժած երեխաների թիվը հասնում է 14-ի»։

«Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված երեք անձանց նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել է և նոր մեղադրանք առաջադրվել», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ մանրամասնելով. - «ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում, Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ երկու կամ ավելի անչափահասներին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

Ըստ կոմիտեի, գլխավոր հաշվապահ Փ. Մարտիրոսյանին և կադրերի գծով տեսուչ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։

«Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG