Մատչելիության հղումներ

logo-print

Արազ Օզբիլիսը հավանաբար հունվարից կխաղա Թուրքիայի «Բեշիքթաշ» ակումբում


Արազ Օզբիլիս, արխիվ

Արազ Օզբիլիս, արխիվ

Ըստ Sovsport-ի, Օզբիլիսի տեղափոխման գործարքը մոտավորապես երեքուկես միլիոն եվրո է կազմում։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Դանիել (Արազ) Օզբիլիսը, ով խաղում է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կազմում, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կտեղափոխվի Թուրքիայի առաջատար ակումբներից մեկը՝ «Բեշիքթաշ», և արդեն այս հունվարից կխաղա «Բեշիքթաշ»-ի կազմում։

Նշենք, որ Թուրքիայի առաջնության 12-րդ տուրի հաղթանակից հետո «Բեշիքթաշ»-ը, նոյեմբերի 22-ի դրությամբ, ընթանում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։

Օզբիլիսի «Բեշիքթաշ» տեղափոխվելու մասին հաղորդող ռուսական լրատվամիջոցները վկայակոչում են նաև թուրքական F5 Haber-ի լուրը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Sovsport-ը հաղորդել էր, որ Մոսկվայում կայացել է բանակցությունների առաջին փուլը, և որ «Սպարտակ»-ն ու «Բեշիքթաշ»-ն արդեն պայմանավորվել են Օզբիլիսի տեղափոխման գործարքի շուրջ, որը մոտավորապես երեքուկես միլիոն եվրո է կազմում։

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության այս սեզոնում Օզբիլիսը դաշտ է դուրս եկել ընդամենը յոթ անգամ, ընդ որում վեց անգամը՝ որպես փոխարինող։

«Սպարտակ»-ի ավագ մարզիչ Դմիտրի Ալենիչևն ավելի վաղ հայտարարել էր, որ ձմռանը մոսկովյան ակումբում փոփոխություններ են լինելու։

Օզբիլիսից բացի, նշվում է, որ «Սպարտակ»-ը հրաժարվում է նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկ այլ խաղացողից՝ Յուրա Մովսիսյանից, բայց նրա տեղափոխման գործարքի մասին կոնկրետ տեղեկություններ դեռևս չկան։

Վերջին շրջանում երկու հայ ֆուտբոլիստները խնդիրներ ունեին «Սպարտակ»-ում։ Վնասվածքներից, անարդյունավետ խաղից բացի, նշվում էին նաև այլ պատճառներ, մասնավորապես՝ այս տարվա գարնանը «Սպորտ Էքսպրես»-ին տված հարցազրույցում Օզբիլիսը մեղադրել էր այն ժամանակվա գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին՝ պնդելով, որ վերջինս իրեն չի ընդգրկում «Սպարտակ»-ի հիմնական կազմում, և չէր բացառել, որ ազգությամբ թուրք մարզիչն այդ քայլին է դիմում իր հայկական ծագման պատճառով։ Ճիշտ է, նա հետո ասել էր, թե լրագրողը խեղաթյուրել է իր հարցազրույցը, իսկ «Սպարտակ»-ի ղեկավարներն ասացին, որ նա կպատժվի այդ հարցազրույցի համար։

Օզբիլիսը ծնվել է Թուրքիայում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Հոլանդիա, երբ նա ընդամենը հինգ տարեկան էր։ Հոլանդիայում էլ սկսվել է նրա ֆուտբոլային կարիերան։ Նա խաղում էր «Այաքս»-ում։ 2012 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, նախ՝ Կրասնոդարի «Կուբան», իսկ մեկ տարի անց՝ 2013 թվականից՝ Մոսկվայի «Սպարտակ»։ 2012 թվականի սկզբից Օզբիլիսը սկսել է հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում։

XS
SM
MD
LG