Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով Բեռլինում էր


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով գտնվում էր Բեռլինում: Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում տիրող անվտանգային իրավիճակի, խնդրահարույց հարցերի և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Իր ելույթում Օհանյանը տեղեկացրել է, որ չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը «Վճռական աջակցությանը»՝ մինչև առաքելության ավարտը: Նա հույս է հայտնել, որ միջազգային կոալիցիայի գործուն աջակցության շնորհիվ առաջիկայում Աֆղանստանում կարձանագրվեն տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նոր ձեռքբերումներ:

Բեռլինում Հայաստանի պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելլմիխի և Գերմանիայի կառավարության կազմում Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների հետ միջհասարակական համագործակցության հարցերի համակարգող Գերնոտ Էրլերի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլուր տարածաշրջանային անվանգության և դրա առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը զրուցակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, վերջին շրջանի զարգացումները և կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Բարձր գնահատելով պաշտպանության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը՝ նա նշել է, որ դրա արդյունքում երկու երկրների միջև ստեղծված փոխադարձ վստահության մթնոլորտը խթանում է նաև այլ ոլորտներում երկկողմ կապերի ու համագործակցության զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG