Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն առաջարկում է Սահմանադրության նախագծին ծանոթանալ քարոզչական բրոշյուրներից և համացանցից


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան, արխիվ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին երկու շաբաթից էլ քիչ է մնացել, մինչդեռ Հայաստանի շատ համայնքներում քաղաքացիները ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչն է առաջարկվում փոխել։ Արագածոտնի և Արմավիրի մարզերում «Ազատության» հետ զրույցներում քաղաքացիները ասում էին, որ ցանկանում են նախագիծը կարդալ, նոր գնալ քվեարկության, բայց չգիտեն որտեղից կարող են այն ձեռք բերել։

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը այսօր նրանց նախագիծը կարդալու մի քանի տարբերակ հուշեց.- «Երկիրը, աշխարհը էնպես է զարգացած, որ և՛ համացանցով, և՛ համակարգիչների միջոցով, և՛ ինտերնետի միջոցով»։

Հանրապետականները առաջին անգամ չէ, որ նման խորհուրդ են տալիս։ Մի քանի օր առաջ նախագիծը համացանցից կարդալու նրանց խորհրդին գյուղացիները այսպես էին արձագանքում.- «Ինտերնետ ի՞նչ է նշանակում, մի հատ հեռախոս չենք կարում բանցնենք, ինտերնետով... Ես էլ ունեմ ջահել թոռներ, գիշեր-ցերեկ սեքս են նայում, իրանց ինչ հետաքրքիր է՝ պառլամենտական ընտրություն կլինի»։ «Կուզեի կարդալ, բայց չեմ կարում գտնեմ, որտե՞ղ կա, վաճառո՞ւմ են»։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղյակ է, որ շատերը համացանցից օգտվելու հնարավորություն չունեն, որպես այլընտրանք առաջարկում է Հանրապետականի «Այո»-ի գրքույկները կարդալ։ Մեր դիտարկմանն էլ, որ դրանք քարոզչական են, արձագանքեց.- «Կարող եք վերցնել այդ նույն «Ասա՛ այո» բրոշյուրը և առաջին էջում չկարդաք, կարդաք մնացածը, եթե ձեզ պետք է բովանդակությունը»։

«Այո»-ի կողմնակից Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն էլ իրենց քարոզչական գրքույկն է առաջարկում, անկողմնակալ տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ է տալիս պարզապես չկարդալ առաջին էջը, որտեղ ՀՅԴ-ն վճռական «Այո»-ի կոչ է անում։

«Լավ, դու պատռի առաջին էջը, կարդա բովանդակությունը։ Թող մի 20 հազար էլ ընդդիմությունը հրապարակի, վրան գրի «Ոչ» ու տարածի։ Այսինքն եթե 500 հազար հրապարակվեր, ասելու էին ամեն ինչ լավ է՞»,- հարցրեց Վարդանյանը։

«Ոչ»-ի ճակատում հիշեցնում են՝ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեից առաջ կառավարության որոշմամբ նախագծի 500 հազար օրինակ էր բաժանվել ժողովրդին։
Արդարադատության նախարարությունից տեղեկացանք, որ այս փոփոխություններին ընդառաջ կառավարությունը նոր նախագծի 15 400 անվճար օրինակ է բաժանել Հայաստանում, ստացվում է, որ 1 տեղեկագրից 165 ընտրող պետք է օգտվի։

«Ոչ»-ի ճակատից Արամ Մանուկյանը, ով այս օրերին Սյունիքի մարզում քարոզչություն է իրականացնում, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ քաղաքացիները բողոքում են՝ ուզում են կարդալ նախագիծը, բայց չունեն։ Պատգամավորն այստեղ միտում է տեսնում։

«Իրենց խնդիրն է ժողովրդին պահել պասիվության մեջ, ոչ մեկը չգնա, չմասնակցի, իրենք ինչ ուզենան՝ անեն»,- ասաց Մանուկյանը։

«Այո» ասող «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանն էլ է համաձայն՝ խնդիրն առկա է, իրազեկման աշխատանքները պետք է ավելի մեծ ծավալով տարվեին։ «Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, այն քաղաքացիները, ովքեր ցանկացել են ծանոթանալ փաստաթղթի հետ, դրա ռեալ հնարավորությունն ունեցել են կամ դեռևս ունեն ժամանակ»,- ասաց նա։

Հանրապետականները վստահ են՝ քարոզչության միջոցով մարդիկ կարող են իրազեկվել։ Հերմինե Նաղդալյանն էլ խոստացավ հետևել, որ քարոզչական գրքույկները շատ տպվեն, և մարդիկ ծանոթանան։ Դաշնակցական Աղվան Վարդանյանն էլ ասում է՝ բոլոր քաղաքացիները մանրամասն չեն կարդալու նախագիծը, իսկ հակառակը պնդելը նրա համար ամբոխահաճո մոտեցում է։

XS
SM
MD
LG