Մատչելիության հղումներ

Ինչպես է Ռուսաստանը «սրբագրում» պատմությունը


Ռուսաստան - Ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումները ներկայացնող պաստառ, արխիվ
Ռուսաստան - Ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումները ներկայացնող պաստառ, արխիվ

Sueddeutsche Zeitung գերմանական պարբերականը վկայակոչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով մի առիթով ասել է, թե «պատմությունը հնարավոր չէ նորովի գրել»։

Եվ այնուամենայնիվ հենց Պուտինի օրոք ռուսաստանցի պատմաբանները «սրբագրում են» իրենց երկրի անցյալը, նորովի և ընդգծված ռուսակենտրոն դիրքերից են մեկնաբանում այն, ինչ տեղի է ունեցել տասնամյակներ առաջ։

Դրա ապացույցը մոսկովյան իշխանության հովանավորությամբ Մանեժում կազմակերպված «Իմ պատմությունը. 20-րդ դար. 1914-1945 թվականներ» ցուցահանդեսն է։

«Առավել սարսափելի էջի` ստալինյան համակենտրոնացման ճամբարների մասին նյութերը ցուցադրվում են մի փոքրիկ անկյունում»,- նշել է Sueddeutsche Zeitung-ի մեկնաբան Անտոնի Ռիցշելը։

Այցելուները տեսնում են ԳՈւԼԱԳ-ի քարտեզը։ Ըստ պատմաբանների, այդ ճամբարներում զոհվել է 2․5 միլիոն մարդ, ևս 800 հազար մարդ գնդակահարվել է «զտումների» ժամանակ։ Փաստորեն, միայն պաշտոնական տվյալներով ստալինյան սարսափելի բռնաճնշումների զոհ է դարձել մոտ 3 միլիոն 300 հազար մարդ, սակայն ցուցահանդեսի այցելուներին նկատել են տալիս, թե դա նույնիսկ եթե վատ է, ապա շատ մեծ ողբերգություն չէ։

«Դա չնչին թիվ է Հայրենական մեծ պատերազմում սպանված 20 միլիոնի համեմատությամբ»,- բացատրում է էքսկուրսավարը և վստահեցնում, թե ԽՍՀՄ-ում ճամբարների իսկական համակարգ չի եղել։

Ի զարմանս Sueddeutsche Zeitung-ի մեկնաբանի, այցելուները լրացուցիչ հարցեր չեն տալիս, առարկություններ և կասկած չեն հայտնում։ Որպես կանոն, ընդունում և ողջունում են էքսկուրսավարի մեկնաբանությունները, լավագույն դեպքում անտարբեր են մնում։

«Նրանք պարզապես հետաքրքրված չեն, Ռուսաստանի պատմության մութ էջերը նրանց չեն հուզում, և հենց այդ մութ էջերը թաքցնելն է ցուցահանդեսի կազմակերպիչների բուն նպատակը»,- գրում է Անտոնի Ռիցշելը։

Այդ ցուցահանդեսում Ստալինին հատկացված է մի ամբողջ սրահ։ Պատերին գրություններ են` հայտնի կամ ոչ հայտնի գործիչների արտահայտած կարծիքները Իոսիֆ Ստալինի մասին։

«Ստալինն ապացուցել է աշխարհին Ռուսաստանի կարևորությունը»՝ այս «խորը» միտքը մի հոգևոր սպասավոր է հայտնել։ Էքսկուրսավարը վստահեցնում է, թե «իրականում Ստալինը լավ մարդ էր»։ Պատերին կան նաև Ստալինին քննադատող գնահատականներ, սակայն էքսկուրսավարը դրանց մասին խիստ բացասական է խոսում։

Կա նաև նվաճումների ցուցակ, որը պետք է ապացուցի, թե ինչ հզոր զարգացում էր Ստալինի օրոք։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին նվիրված բաժնում էքսկուրսավարը հայտարարում է, որ «ռուսները խիստ նպատակասլաց ժողովուրդ են»։ Նա խոսում է հաղթանակի մասին, չնշելով, որ պատերազմին մասնակցել և արյուն են թափել խորհրդային բոլոր ժողովուրդները։

Պատմաբան Իրինա Շչերբակովայի կարծիքով, Կրեմլը հիմա փորձում է ստեղծել Ռուսաստանի դրական և հաղթական կերպար։

«Պատերազմը հետայսու չպետք է դիտվի միայն որպես ողբերգություն։ Գինը, որը վճարել է երկիրը, նշանակություն չպետք է ունենա, կարևոր է հռչակել այն թեզը, որ հաղթանակի արժանի է հզոր երկիրը, որը ղեկավարում են հզոր առաջնորդներ․ սա է նոր մոտեցումը»,- ասել է պատմաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG