Մատչելիության հղումներ

Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունը 2 տոկոսով նվազել է


Սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքում մեծացող երեխա, Գյումրի, 9-ը հուլիսի, 2015թ.

Սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքում մեծացող երեխա, Գյումրի, 9-ը հուլիսի, 2015թ.

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ, Հայաստանում աղքատների թիվը շարունակում է նվազել, և 2014 թվականից աղքատ է եղել բնակչության ճիշտ 30 տոկոսը։

Այսօր հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցից ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան մանրամասներ ներկայացրեց: Մասնավորապես, աղքատության գիծ է համարվել 40 264 դրամը: Այսինքն եթե 2014-ին Հայաստանում անձը կարողացել է ամսական ծախսել է 40 264 դրամից ավելի, նա աղքատ չի համարվել:

«2014 թվականին նախորդ տարվա նկատմամբ Հայաստանի տնտեսությունը աճեց 3.5 տոկոսով, և գրանցվեց աղքատության մակարդակի նվազում 2 տոկոսային կետով։ 2014 թվականին աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս, այսինքն երկրի 10 բնակչից 3-ը ամսական 40 264 դրամ վերին աղքատության գիծը չեն հաղթահարել»,- հայտնեց Մարտիրոսովան։

Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատների թիվը շարունակ կրճատվում է 2010 թվականից ի վեր․ եթե 2010-ին աղքատ էր բնակչության 35.8 տոկոսը, ապա անցած տարի՝ 30 տոկոսը։ Սակայն աղքատության ցուցանիշով Հայաստանը դեռ չի հասել 2009 թվականի տնտեսական ճգնաժամից առաջ եղած ցուցանիշին: ԱՎԾ տվյալներով, 2008-ին աղքատ էր Հայաստանի բնակչության 27.6 տոկոսը։

Այսօր հնչած թվերից ամենատպավորիչը 40 264 դրամի մասին հայտարարությունն էր: ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանից հետաքրքրվեցինք՝ իրենց ընտանիքում ամսական միջինը որքա՞ն են վճարում միայն կոմունալ ծառայությունների դիմաց։

«Ես կարծում եմ՝ 50 հազար դրամից ավելի, չեմ տիրապետում բացարձակ թվերին, բայց մասշտաբը պատկերացնում եմ»,- պատասխանեց Մնացականյանը։

Դիտարկմանը, որ «եթե միայն կոմունալ ծառայությունների համար ամսական վճարում եք 50 հազար դրամից ավելի, ինչպե՞ս կարող եք մի ողջ ամիս ապրել 40 264 դրամով», ԱՎԾ ղեկավարը արձագանքեց.- «Դուք ինձանից լավ գիտեք, որ Հայաստանում ամեն առավոտ 3 միլիոն Բոնապարտ է արթնանում, մարդկանց պատկերացումները տարբեր են, նույն հարցի վերաբերյալ միշտ ունեն տարբեր կարծիքներ։ Դրա համար էլ Հայաստանում միջին վիճակագրական ցուցանիշների ընկալումը շատ խայտաբղետ է»։

Երևանցիները «Ազատության» հետ զրույցներում պնդում էին, որ հնարավոր չէ ապրել ամսական 40 264 դրամով։ «Մենակ կոմունալը 100 հազարի կարգի է ձմեռը»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, տարօրինակ է, որ ԱՎԾ-ն աղքատության շեմ է ընտրել 40 264 դրամը, այն պարագայում, երբ նույն ԱՎԾ գնահատմամբ՝ 2014-ին նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմել է գրեթե 58 հազար դրամ:

Փորձագետի խոսքով, կառավարության հռչակած տնտեսական աճը, փաստորեն, չի անդրադառնում աղքատության մակարդակի վրա:

«Սա հստակ է և նաև նշանակում է, որ պետությունը մեծ հաշվով իր սոցիալական գործառույթները ճշգրիտ կերպով չի կարողացել ամրագրել և չի կարողացել աղքատ խավին զերծ պահել նման կարգի ցնցումներից»,- ասաց Մանուկյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG