Մատչելիության հղումներ

logo-print

Զինծառայող Ա. Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով որպես վկա հարցաքննվել են համածառայակիցները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են անհրաժեշտ փաստաթղթեր: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել համապատասխան ծառայությանը:

Քննչական կոմիտեն նշում է, որ Հակոբյանի մոտ զորամասից հոսպիտալացվելիս և Հայաստանի պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ ընդունվելիս մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

«Ա. Հակոբյանը հարցաքննվել է որպես տուժող: Վերջինս հայերեն գրավոր խոսքին չտիրապետելու պատճառով ցուցմունք է տվել թարգմանչի, ինչպես նաև` քրեական գործով տուժողի ներկայացուցիչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Ա. Մելիքյանի ներկայությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն ընդգծում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG