Մատչելիության հղումներ

Համագործակցության հուշագիր Քննչական կոմիտեի և հեռախոսակապի օպերատորների միջև


Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Այսօր Քննչական կոմիտեն և Հայաստանում գործող բջջային ու ֆիքսված հեռախոսակապի օպերատորները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «փաստաթուղթը կոչված է բարձրացնելու տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումները քրեական գործերով ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը»:

«Օպերատորները նախկինում ևս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով անհրաժեշտ տեղեկությունները, հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում, երբեմն մեկ ամիս կամ ավելի ժամկետում էին հասնում նախաքննական մարմնին` հանգեցնելով նախաքննության ժամկետների ձգձգմանը», - ասված է հաղորդագրությունում: Կողմերը պայմանավորվել են ներդնել ավելի գործուն կառուցակարգեր` էլեկտրոնային ընթացակարգով:

«Քննչական կոմիտեն կապահովի «Էկենգ» ընկերության կողմից ներդրված և սպասարկվող էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով դատարանների որոշումները կապի օպերատորներին փոխանցելը: Իսկ «Յուքոմ»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը, «Օրանժ Արմենիա»-ն կապահովեն սեղմ ժամկետում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը Քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժին, «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ կոմիտեի, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։

Հաղորդագրությունում ասվում է, որ ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև «ԱրմենՏել» ընկերությունը, որը հուշագրին կմիանա առաջիկա օրերին:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ծրագիրը նախապես փորձարկվել է Շիրակի մարզում, «որի արդյունքների ամփոփումը հիմք է տալիս հավաստելու, որ էլեկտրոնային ծրագրի ներդրման դեպքում քրեական գործերով, դատարանների որոշման հիման վրա, վերծանումներն օպերատորներից ստացվում են բավական օպերատիվ՝ 1-4 օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ ստուգել առաջ քաշված վարկածները՝ խուսափելով անհարկի ձգձգումներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG