Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է ՊԲ զորամասեր


Լուսանկարը՝ ԼՂ պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ ԼՂ պաշտպանության նախարարության

Նոյեմբերի 20-21-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ եղել է Պաշտտպանության բանակի (ՊԲ) մի շարք զորամասերում ու նրանց պահպանության տակ գտնվող բնագծերում:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սարգսյանը տեղում ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող գործընթացների ներկա վիճակին:

«Շրջայցը, որին մասնակցում էին նաև հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարներն ու զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, մեկնարկել է հարավ-արևելյան հատվածում, որտեղ հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական վերնախավը հետևել է գնդային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը:

Շրջայցի երկրորդ օրը Սարգսյանն ու Սահակյանը նախ՝ մասնակցել են ՊԲ շտաբում կայացած աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է բանակի հրամանատարի որոշումը, անդրադարձել 2015 թվականի բանակային տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքում արձանագրված ձեռքբերումներին և առկա հիմնախնդիրներին: Այնուհետև Հայաստանի և Ղարաբաղի նախագահները ներկա են գտնվել ՊԲ շտաբում մարզադահլիճի բացմանն ու Ստեփանակերտում բազմաբնակարան բնակելի սպայական շենքերի նորամուտի հանդիսավոր արարողություններին:

Ըստ հաղորդագրության, նախագահները բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում հետևել են «Գիշերային պայմաններում հատուկ նշանակության խմբի հատուկ գործողությունները հակառակորդի առաջնային գծում ու մոտակա խորքում» և «Ջոկը պաշտպանությունում» թեմաներով ցուցադրական պարապմունքներին: Այսքանով ավարտվել է Սերժ Սարգսյանի հերթական այցը ՊԲ զորամասեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG