Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանի համոզմամբ, չօգտվել ընձեռված հնարավորությունից և չփոխել համակարգը, նշանակում է «նորից տառապել էս վիճակի մեջ»:

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր իրենց «վճռական այո»-ն էին քարոզում Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:

Քաղաքապետարանի դահլիճում հավաքված թալինցիները փորձում էին դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի պարզաբանումների միջոցով հասկանալ՝ մայր օրենքը փոփոխելուց հետո ի՞նչ դրական փոփոխություն տեղի կունենա իրենց կյանքում: «Հավատի բացակայությունը ամենալուրջ խնդիրն է, այսօր սոցիալապես լավ և վատ վիճակում գտնվողները հավասարապես դժգոհ են կյանքից»,- իր խոսքն այսպես սկսեց Մինասյանը՝ անմիջապես հետևյալ հարցը հնչեցնելով՝ գուցե այդ վստահության պակասի մեղավորը միայն իշխանություննե՞րը չեն, այլ նաև կառավարման համակարգը:

«1995 թվականին և դրանից առաջ չհաջողվեց մեզ ձեզ հետ միասին երկիրը ճիշտ կառուցման, զարգացման հիմքի վրա դնել: Հիմա էսօր եկել է այդ հնարավորությունը: Չօգտվել էդ հնարավորությունից, նշանակում է՝ նորից տառապել էս վիճակի մեջ, մնալ էստեղ ու նորից ամեն անգամ քննադատել, հայհոյել օրվա իշխանությանը: Իրենք կփոխվեն, կգան նոր իշխանություններ, նորից կհայհոյենք և վերջում կվերցնենք պանդուխտի ցուպը մեր ձեռքն ու հայդե՝ Հայաստանից դուրս: Մենք դեմ ենք դրան»,- իր խոսքում ասաց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորը չի ընդունում «Ոչ» քարոզողների այն պնդումը, թե պետք է բոյկոտել այս իշխանությունների նախաձեռնած ցանկացած փոփոխություն: Հավելում է՝ թշնամանքի ու ատելության քարոզը լավ բանի չի հանգեցնի:

«Եվ թող բոլոր «Ոչ» ասողները գան բանավեճերի և քննարկեն բովանդակություն, ոչ թե՝ քանի որ էսօրվա իշխանություններն են ներկայացրել, դրա համար դեմ պետք է լինենք: Էդպիսի բան չի լինում, դա մանկապարտեզի մոտեցում է: Մանկապարտեզում երեխաները որ խաղում են իրար հետ, ասում է՝ քանի որ էս Վանիկը ինձ միշտ ծեծում է, հենց որ ինքը ինձ կոնֆետ էլ տա, ես իրա ձեռքից չեմ վերցնի: Լավ, բայց կոնֆետը վերցրու, որ դու էլ ուտես, ուժեղանաս, հետո Վանիկի հետ կարողանաս պայքարել»,- պատկերավոր համեմատություն արեց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է «Ոչ» քարոզողների այն արձանագրումներին, թե փոփոխված Սահմանադրությամբ ստեղծվելու է միակուսակցական համակարգ, ապա Մինասյանը հակառակն է պնդում՝ «գործող Սահմանադրությունն է տալիս միակուսակցական համակարգի ստեղծման հնարավորությունը», ավելին՝ «ներկայիս համակարգը ընդդիմությանն առհասարակ զրկել է որևէ լծակից»:

Թալինցիների հետ մեր զրույցներից տպավորություն ստացանք, որ շատերն առհասարակ կորցրել են հույսը, թե որևէ փոփոխություն կարող է դրականորեն անդրադառնալ իրենց կյանքի վրա: Շատերը դեռ չէին էլ կողմոնրոշվել՝ «այո՞», թե՞ «ոչ» են ասելու սահամանադրական փոփոխություններին: Ավելի շատ նախընտրում էին բողոքել իրենց սոցիալական վատ պայմաններից:

XS
SM
MD
LG