Մատչելիության հղումներ

Իսլամիստ զինյալները գրավել են Մալիի Radisson Blu հյուրանոցը


Radisson Blu հյուրանոցը Բամակոյում
Radisson Blu հյուրանոցը Բամակոյում

Պատանդների թվում բազմաթիվ օտարերկրացիներ կան, նրանցից ոմանց հաջողվել է ազատվել, զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է:

Փարիզի հարձակումներից ուղիղ մեկ շաբաթ անց իսլամիստ զինյալները Ֆրանսիայի նախկին գաղութ հանդիսացած երկրի՝ Մալիի մայրաքաղաք Բամակոյում այսօր գրավել են Radisson Blu հյուրանոցի շենքը՝ պատանդ վերցնելով 170 մարդու:

Լսվել են ինքնաձիք զենքերի կրակոցներ: Հյուրանոցի աշխատակիցներից մեկն ասել է, որ գրոհի ժամանակ նաև նռնակ է օգտագործվել: Մալիի անվտանգության ուժերի աղբյուրը Reuters-ին ասել է, որ հյուրանոցի գրավմանը մասնակցել են 10 զինյալներ: Նրանք ներխուժել են շենք՝ «Ալլահ աքբար» գոչելով: NBC-ն հաղորդում է, որ հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվել, որոնցից մեկը՝ Ֆրանսիայի, երկուսը՝ Մալիի քաղաքացիներ: Ոստիկանությունը շրջապատել է հյուրանոցը և հարակից փողոցները:

Բամակոյում Radisson Blu հյուրանոցը գտնվում է կառավարության շենքից ու օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու: Պատանդառված 170 մարդկանցից 140-ը հյուրեր են, 30-ը՝ հյուրանոցի աշխատակիցներ: Ավելի ուշ, զինվորական հրամանատար Մոդիբո Նաման Տրաորեն ասել է, որ 20 պատանդների հաջողվել է ազատվել: Անվտանգության ուժերի աղբյուրը Reuters-ին ասել է, որ նրանցից ոմանց հաջողվել է փախչել, մի քանիսին էլ գրոհայիններն են ազատ արձակել, երբ նրանք կարողացել են մեջբերումներ անել մահմեդականների սուրբ գրքից՝ Ղուրանից:

Թուրքիայի կառավարության պաշտոնյան հաղորդել է, որ Turkish Airlines ընկերության հինգ աշխատակիցների հաջողվել է դուրս գալ հյուրանոցից: Ֆրանսիական Air France ավիաընկերության 12 աշխատակիցներ ևս կարողացել են անվտանգ հեռանալ դեպքի վայրից: Այդ մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատանդների մեջ ֆրանսիացիներ կան։ Հյուրանոցում նաև չինացիներ կան: Նրանից մեկը կապվել է չինական Xinhua գործակալության հետ և հայտնել, որ հյուրանոցի շենքում փակված են: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանությունները Մալիում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել մնալ տներում կամ այլ անվտանգ վայրերում:

Reuters-ը հաղորդում է, որ անվտանգության ուժերն արդեն մտել են հյուրանոց: Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, գործողությունն ընթացքի մեջ է:

Մալին Ալժիրից հարավ ընկած և այդ երկրին սահմանակից երկիր է: 2012-ին Մալիի հյուսիսային շրջանները գրավել էին իսլամիստ զինյալները, որոնց մեջ կային «Ալ-Ղաիդա»-ին առնչվող խմբավորումներ: Ֆրանսիայի գլխավորությամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում 2013-ի հունվարին այդ շրջաններն ազատագրվել էին գրոհայիներից:

Չնայած դրան, Մալիում իրավիճակն այդպես էլ չհանդարտվեց: Այս տարվա մարտի վերջին Բամակոյի ռեստորաններից մեկում, որտեղ սովորաբար շատ արտասահմանցիներ են լինում, իսլամիստ զինյալները հինգ մարդու էին սպանել:

Իսկ օգոստոսին երկրի կենտրոնական շրջանում գտնվող Սևարե քաղաքում իսլամիստ զինյալները հյուրանոց էին գրավել: Այդ գործողության հետևանքով սպանվել էին չորս զինվորներ, չորս գրոհայիններ և ՄԱԿ-ի հինգ աշխատակիցներ:

Տարեսկզբին Հայաստանի արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Հայաստանը ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Մալիում, որտեղ ներկայացված է մեկ շտաբային սպայի մասնակցությամբ:

Այսօր Radisson Blu բարձրակարգ հյուրանոցի վրա իրականացված հարձակումը վերը նշված ահաբեկչական գործողությունների շղթայի ամենաթարմ օղակն է: Այս պահին, Մալիի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, անվտանգության ուժերին հաջողվել է ազատել 80 պատանդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG