Մատչելիության հղումներ

Քոնան Օ՛Բրայենի՝ Հայաստանի մասին հումորային շոուն հեռարձակվեց


Քոնան Օ՛Բրայենը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը, 14-ը հոկտեմբերի, 2015թ.

Քոնան Օ՛Բրայենը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը, 14-ը հոկտեմբերի, 2015թ.

Ամերիկյան մամուլն անդրադառնում է այդ հաղորդմանը։

Ամերիկացի հայտնի հաղորդավար, պրոդյուսեր, շոումեն Քոնան Օ՛Բրայենի` Հայաստանի մասին հաղորդումը պատրաստ է և հեռարձակվել է։ Համացանցում արդեն տեղադրված է Հայաստան կատարած նրա այցելության արդյունքը՝ հումորային թոք շոուն, դրվագներ Հայաստանի տարբեր վայրերում, տարբեր միջավայրերում և մարդկանց հետ։

The Washington Post-ը նոյեմբերի 18-ին ինտերնետային իր էջում տեղադրել է նրա շոուի մի հատվածը՝ Երևանի շուկայում, որտեղ նա ոչ միայն հայկական համեղ մրգեր է գնում, այլև հայերեն է խոսում՝ օգտագործելով հայերի համեր գուցե ընդունված, բայց իր համար անսովոր խոսքեր, օրինակ՝ «ջիգյարդ ուտեմ», «մեռնեմ ջանիդ»։ Նա այս խոսքերն ասում է մսամթերք վաճառող կնոջը։

Հայկական այս «հուզիչ» արտահայտությունները նա սովորել էր հայ-անգլերեն արագացված դասընթացի ժամանակ։

Օ՛Բրայենը պարզապես ցնցվում է, երբ իմանում է՝ մարդուն իր սերը, ուրախությունը հայտնելու համար պետք է նրան «լյարդ» («ջիգյար») ասել, «լյարդն ուտել», իսկ հետո ավելի է ցնցվում՝ «լյարդն ուտել և մեռնել ջանին»։

The Hollywood Reporter-ը մի ուրիշ հատված է ներկայացնում, որտեղ նա «Ուրիշի հոգին» սերիալում գանգստեր է խաղում։

Շուկայում հայկական դելիկատես մրգերի, բանջարեղենների շարքում նա ծանոթ բան է տեսնում ու բղավում՝ «կարտոֆիլ»։

Քոնան Օ՛Բրայենը մեկ ամիս առաջ Հայաստան էր ժամանել իր օգնական Սոնա Մովսեսյանի հետ։ Համացանցում տեղադրված տեսանյութերում շոումենը շրջում է Հայաստանում, ծանոթանում մարդկանց, Երևանի փողոցներում պարում, Վերնիսաժում բազմաթիվ տարօրինակ առարկաներ տեսնում, տնական քաշած օղի խմում, լավաշ ուտում, Գառնիում հայկական պարի տարրեր սովորում և շատ այլ «համով» դրվագներ։

Հայաստանում գտնվելու ժամանակ նա բացառիկ հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ ասելով, որ 4-5 օրերի ընթացքում փորձել են որքան կարելի է ուսումնասիրել Երևանը և Հայաստանը։

«Կարծում եմ շատերը կզարմանան՝ տեսնելով, թե որքան բան ենք հասցրել։ Կտեսնեն, որ մենք գլխովին խորասուզվել էինք հայկական մշակույթի մեջ», - «Ազատության»-ն ասել էր աշխարհի ամենահայտնի շոումեններից մեկը։

XS
SM
MD
LG