Մատչելիության հղումներ

iPhone-ի գովազդի շուրջ սկանդալ Վրաստանում


iPhone+ ընկերության գովազդը Վրաստանում
iPhone+ ընկերության գովազդը Վրաստանում

Արդեն երրորդ օրն է՝ iPhone-ի վրացական գովազդը վրդովմունքի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում: Պատճառը մի քանի օր առաջ Վրաստանում Apple ընկերության պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ ստացած iPhone+ թբիլիսյան ընկերության գովազդն է: Դրանում ընկերության աշխատակիցները նմանակում են «Իսլամական պետություն» խմբավորման քարոզչական հոլովակները:

Մի խումբ սևազգեստ ու դիմակավորված տղամարդիկ` զինված խաղալիք ատրճանակներով և ավտոմատներով, կանգնած են Apple ընկերության արտադրանքով լի լուսավորված ցուցափեղկի ֆոնին: Արաբերեն տեքստին զուգահեռ էկրանին վրացերեն լուսագրեր են հայտնվում, որոնց բովանդակությունը հետևյալն է․ - «Հունվարի 1-ից iPhone+ ընկերությունը հանդիսանալու է Apple-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Վրաստանի տարածքում: Դիմում ենք Apple-ի արտադրանք իրացնող մյուս վրացական ընկերություններին` զգուշացեք մեզանից»: Գովազդը իսլամիստ զինյալների կողմից նկարահանվող տեսահոլովակների բնորոշ ավարտն ունի` էկրանից «Ալահն ամենազոր է» կոչեր են հնչում:

Բնական է, որ 129 մարդու կյանք խլած փարիզյան հարձակումներից ընդամենը երեք օր անց համացանցում հայտնված այս գովազդը չէր կարող սուր քննադատության թիրախ չդառնալ:

Վրաց մարկետոլոգ Նիկոլոզ Թևդորաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում համոզմունք էր հայտնում, որ գովազդի հեղինակները հոգեբույժի կարիք ունեն:

«Կարծում եմ, որ ընկերության կողմից իրականացվող գործարքների քանակը նման գովազդից հետո գահավիժելու է: Դա, սակայն, իրենց գործն է: Այլ հարց է, որ Ֆրանսիայում տեղի ունեցածից հաշվված օրեր անց նման գովազդի հեռարձակումը ընկերության ղեկավարների` Փարիզում կատարվածի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի վկայությունն է: Նման սկանդալային գովազդից հետո iPhone+ ընկերությունը Apple-ի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակում մնալու որևէ շանս չունի», - պնդում էր փորձագետը:

Գովազդի հեղինակները, սակայն, հնչող քննադատությանը համաձայն չեն: Ավելին՝ նրանք չեն էլ պատրաստվում համացանցից հեռացնել սկանդալային հոլովակը:

«Սա ընդամենը երիգիծանք էր, որի թիրախը ահաբեկիչներն էին: Ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է հեռացնենք այս հոլովակը կամ ներողություն խնդրենք: Նույն Charlie Hebdo հանդեսը բազմիցս նման բնույթի ծաղրանկարներ է հրապարակել, բայց դա համատարած վրդովմունքի պատճառ չի դարձել, քանի որ ստեղծագործական ինքնարտահայտման ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է», - հայտարարում էր iPhone+ ընկերության ներկայացուցիչ Գոգա Տիրկիան:

iPhone-ների վաճառքով զբաղվող վրացական ընկերության շուրջ ծագած այս սկանդալը, ըստ ամենայնի, կհանգուցալուծվի Վրաստանից շատ հեռու` Կալիֆորնիայում: Սոցիալական ցանցերի վրաց օգտատերերը արդեն իսկ դիմել են Apple կորպորացիայի ղեկավարությանը` պահանջելով դադարեցնել համագործակցությունը iPhone+ ընկերության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG