Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզում գյուղացիները չգիտեն ինչ է առաջարկվում սահմանադրական փոփոխություններով, բայց ասում են՝ «ոչ» են քվեարկելու, քանի որ իշխանություններից դժգոհ են։

Արմավիրի մարզում գյուղացիների համար սահմանադրական փոփոխությունների հարցը երկրորդական է։ 85-ամյա Ոսկան պապը չի կարողացել մթերել տղաների օգնությամբ աճեցրած խաղողը, ապրուստի միակ միջոցը մնացել է վազերից կախված։

«Արաղ էլ չի լինի էս»,- ասում է նա։

Մինչ զրուցում էինք, հարևան դաշտերից այլ գյուղացիներ մոտեցան, բոլորի պատմությունները նույնն էին՝ վարկերը շատ են, բերքն էլ չեն կարողացել մթերել։ Սահմանադրական փոփոխությունների մասին էլ ասացին՝ չգիտեն ինչ է առաջարկվում, բայց «ոչ» են քվեարկելու, քանի որ իշխանություններից են դժգոհ։

«Գյուղացին, հասարակ ժողովուրդը թող չմտածի, որ իրանց համար լավ բան կլինի։ Էդ կատարում են իրանց համար, որ նորից իրանք ղեկավարեն, մի 15-20 տարի էլ ձգձգեն Հայաստանի անկումը։ Լավ բան չսպասե՛ք»։

Պատկերը գրեթե նույնն էր հարևան մի քանի գյուղերում։ Գյուղացիներից մեկն ասաց, որ ցանկանում է հասկանալ ինչի մասին է խոսքը՝ հետո գնալ քվեարկության, բայց նախագիծը չեն բաժանել, որ կարդա։

«Կուզեի կարդալ, բայց չեմ կարում գտնեմ, որտե՞ղ կա, վաճառո՞ւմ են»,- հարցրեց նա։

Թե ով պետք է բաժանի փոփոխությունների նախագիծը գյուղացիներին, երեկ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից ճշտեցինք. նախ ասաց, որ քարոզչական բուկլետներ կբաժանեն, իսկ ոչ քարոզչականի դեպքում էլ խորհուրդ տվեց համացանցից կարդալ։ «Կան կայքեր»,- ասաց Շարմազանովը։

Հանրապետականի խորհուրդը գյուղացիներին փոխանցեցինք։ «Ինտերնետ ի՞նչ է նշանակում, մի հատ հեռախոս չենք կարում բանցնենք, ինտերնետով... Ես էլ ունեմ ջահել թոռներ, գիշեր-ցերեկ սեքս են նայում, իրանց ինչ հետաքրքիր է՝ պառլամենտական ընտրություն կլինի»։

«Ոչ»-ի ճակատից Արամ Մանուկյանի կարծիքով՝ նախագիծը չի բաժանվում, քանի որ իշխանությունները վստահ են՝ ժողովուրդը «ոչ» է քվեարկելու։

«Ի՞նչ ինտերնետ։ 95 թվականին կառավարությունը 500 հազար օրինակ բաժանեց [հանրաքվեից] մի տարի առաջ, որ մարդիկ կարդան։ Կարդան՝ իրենց խելքով, իրենց որոշումով քվեարկեն։ Հիմա էլ էդպես պետք է լինի»,- ասաց Մանուկյանը։

Այսօր պատգամավորը մի քանի գյուղերում քարոզչություն էր իրականացնում, մինչդեռ սահմանադրական փոփոխությունների մասին հարցեր գրեթե չէին հնչում, մարդիկ սոցիալական հարցեր էին բարձրացնում։

«Իրենք չեն ուզում լսել Սահմանադրության մասին, որովհետև գիտեն՝ եթե Սերժ Սարգսյանի ծրագիրն է, վե՛րջ, արդեն հայհոյում են»,- ասաց Մանուկյանը։

Գյուղացիները իրենց բողոքները պատրաստ են հանրապետական պատգամավորներին էլ հայտնել, մինչդեռ նրանք քարոզչություն իրականացնելու չեն եկել։ Երեկ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ իրենք շրջում են, պարզապես՝ առանց տեսախցիկների։

Մեր տեսախցիկը տեսնելուն պես գյուղերում սոցիալական խնդիրներից էին խոսում, ամեն դեպքում խնդրեցինք նաև իրենց կարծիքը ասել սահմանադրական փոփոխությունների մասին։ Մեր զրուցակիցները «ոչ»-ի կողմնակից էին։

«Ես ասում եմ՝ ոչ։ Ես ջահել տղա եմ, իմ կյանքից բան չեմ հասկացել»։ «Ի՞նչ կապ ունի՝ «այո» է, թե՝ «ոչ» է, ես դժգոհ եմ էս կառավարությունից, չեմ էլ ուզում իրանք կառավարեն, չեմ էլ ուզում իրանց տենամ»։

Գնալու են արդյոք քվեարկության, թե՝ ոչ, գյուղերում շատերը չէին որոշել։ Հանրահավաքներ անցկացնելու մասին «Այո»-ի ճակատը դեռ չի հայտարարում։ Վաղը երեկոյան Երևանում «Ոչ»-ի ճակատն է հանրահավաք անցկացնելու, որի ընթացքում կազմակերպիչները խոստացել են հաղթանակի հասնելու ծրագիրը ներկայացնել։

XS
SM
MD
LG