Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը իրազեկման երթ անցկացրեց Դավիթաշենում


«Նոր Հայաստան»-ի երթը Դավիթաշենում, 19-ը նոյեմբերի, 2015թ․

«Նոր Հայաստան»-ի երթը Դավիթաշենում, 19-ը նոյեմբերի, 2015թ․

Երթի մասնակիցները չեն կասկածում՝ հասնելու են իշխանափոխության, քանի որ մարզային այցերից հասկացել են՝ «հասարակության գերակշիռ մասը մերժում է փոփոխությունները»։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ո՛չ նոր Սահմանադրությանը» կարգախոսով երթ անցկացրեց Երևանի Դավիթաշեն թաղամասում։ Սահմանադրական փոփոխություններն իշխանափոխությամբ տապալել պատրաստվող այս շարժման տասնյակ համակիրներ, բակ առ բակ շրջելով, բնակիչներին կոչ էին անում միանալ դեկտեմբերի 1-ից մեկնարկող «անհնազանդության ակցիաներին»։

Շարժման առաջնորդներն այսօրվա երթին չէին մասնակցում։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանն ու ՀԽ քաղխորհրդի մյուս անդամները զբաղված են հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով։

Ընդդիմության միասնական շտաբում չեն կասկածում՝ հասնելու են իշխանափոխության: Ասում են, որ մարզային այցերից հասկացել են՝ հասարակության գերակշիռ մասը մերժում է փոփոխությունները։

«Ժողովրդի մեծ մասը դեմ ա էս ռեժիմին: Որ կեղծիքներով փորձելու են անցկացնել, դա էլ բոլորը գիտեն, նոր բան չկա ստեղ», «շատ բացասական են վերաբերվում թե՛ սահմանադրական փոփոխություններին, թե՛ այս իշխանությունների վարած քաղաքականությանը, գրեթե բոլորը կողմ են իշխանափոխությանը»,- ասում էին շարժման ակտիվիստները:

Դավիթաշենում «Նոր Հայաստան»-ի մասին քչերն էին լսել, ոչ բոլորն էին հետաքրքրված նաև դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, թեև «Ազատության» հետ զրույցում նշում էին, որ մասնակցության դեպքում «Ոչ» են ասելու։

«Մեր շրջապատում «Այո» ասող չկա», «չեմ մասնակցելու, որովհետև ոչ մի բանի չեմ հավատում», «դեռ ոչինչ չգիտեմ, կորոշենք»,- ասում էին դավիթաշենցիները:

XS
SM
MD
LG