Մատչելիության հղումներ

Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը սպանված է


Որպես Աբու Ումար ալ-Բալջիքի հայտնի 27-ամյա ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդը Սիրիայում կռվում է «Իսլամական պետության» կազմում, արխիվ

Որպես Աբու Ումար ալ-Բալջիքի հայտնի 27-ամյա ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդը Սիրիայում կռվում է «Իսլամական պետության» կազմում, արխիվ

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, թե երկրում նոր հարձակումների սպառնալիք կա, ընդ որում՝ նաև քիմիական և կենսաբանական զենքերի գործադրմամբ:

Ֆրանսիայի իշխանություններն այսօր հայտնեցին, որ Փարիզի համակարգված ահաբեկչական հարձակումների ղեկավարը համարվող Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է: Ըստ Ֆրանսիայի իրավապահների՝ բելգիացի Աբաուդը սպանվել է երեկ վաղ առավոտյան՝ Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում:

Երեկ հաղորդվել էր, որ երկու ենթադրյալ ահաբեկիչ է ոչնչացվել, որոնցից մի կին պայթեցրել է իրեն, իսկ երկրորդ անձի ինքնությունը երեկվա դրությամբ պարզ չէր: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը այսօր հայտարարել է՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ սպանվածը ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդն է:

Այսօր ավելի վաղ, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկությամբ ընդունել է արտակարգ դրությունը երեք ամսով երկարաձգելու կառավարության առաջարկը: Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել անցած ուրբաթ երեկոյան Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումներից անմիջապես հետո, բայց այն երկարաձգելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի որոշումը:

Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսն այսօր ելույթ ունենալով խորհրդարանում զգուշացրել է, որ Ֆրանսիայում նոր հարձակումների սպառնալիք կա, ընդ որում՝ նաև քիմիական և կենսաբանական զենքերի գործադրմամբ:

«Մենք ոչինչ չպետք է բացառենք, կան նաև քիմիական ու կենսաբանական զենքերի ռիսկեր»,- պատգամավորներին ասել է կառավարության ղեկավարը: Սակայն նա չի հստակեցրել նման զենքերի օգտագործման հստակ սպառնալիքների առկայության իսկությունը:

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը ևս քննարկելու է երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: Եթե Սենատը վաղը հաստատի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընդունած որոշումը, ապա այն անմիջապես ուժի մեջ կմտնի:

Մինչ այդ, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում շարունակվում են հատուկ գործողությունները՝ ուղղված «Իսլամական պետության» խմբավորումների ցանցը հայտնաբերելուն և ոչնչացնելուն: Փարիզի հարձակումների հետևանքով, հիշեցնենք, առնվազն 129 մարդ է սպանվել, 350-ը վիրավորվել են:

«Իսլամական պետության» ահաբեկիչներն այս օրերին շարունակում են մահապատժի ենթարկել անմեղ պատանդներին: Իրենց ինտերնետային կայքերով նրանք հայտնել են, որ ևս երկու պատանդի են սպանել: Ըստ ահաբեկիչների տարածած տվյալների, սպանվածներից մեկը Նորվեգիայի քաղաքացի է, մյուսը՝ Չինաստանի:

Նախօրեին ջիհադիստներն արդեն սկսեցին սպառնալ նաև Միացյալ Նահանգներին՝ «խոստանալով» հարձակումներ իրականացնելՎաշինգտոնում և Նյու Յորքում: Ահաբեկիչների կայքերում տեղադրված սպառնալիքը վերաթարմացված մի տեսանյութ է: Նյու Յորքի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, թե հասկանում են, որ ահաբեկիչների հարձակումների համար Նյու Յորքը առաջնային թիրախ է մնում:

Ամերիկյան ոստիկանությունը նշել է, որ ահաբեկչական հարձակումների նախապատրաստման մասին օպերատիվ, կոնկրետ տվյալներ չկան, նաև հավաստիացնելով, որ համագործակցելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի և իրավապահ մյուս մարմինների հետ՝ ապահովելու են քաղաքացիների անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG