Մատչելիության հղումներ

Տոնավաճառի պատշաճ տարածք հատկացնելու՝ սիրիահայերի խնդրանքը մերժում են


Վերնիսաժի տաղավարներից մեկը, Երևան, նոյեմբեր, 2015թ․

Վերնիսաժի տաղավարներից մեկը, Երևան, նոյեմբեր, 2015թ․

Սիրիահայ առևտրականները պատրաստ են սեփական միջոցներով ծածկել և հարմարեցնել նոր տարածքը, միայն թե կարողանան «քաղաքակիրթ առևտուր անել»: Վերնիսաժում հատկացված տաղավարները, ըստ նրանց, զուրկ են տարրական պայմաններից:

Ամռանը սիրիահայերի՝ Վերնիսաժի տարածքում գործող բացօթյա շուկան այսօր փակման եզրին է:

«Առավոտվա տասից եկել եմ, մարդ չկա, անիմաստ է կանգնելը, ձեռքերս էլ չեն աշխատում»,- «Ազատության» հետ զրույցում ասում է սիրիահայ առևտրականներից մեկը:

Պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերն ասում են, որ Երևանի քաղաքապետարանի հատկացրած տարածքում քաղաքակիրթ առևտուր կազմակերպել հնարավոր չէ: Ընդամենը տաղավարներ են՝ առանց տարրական հարմարությունների, դրանք էլ անձրևային ու ցուրտ օրերին դատարկ են մնում։

Սիրիահայ գործարարների միությունը Հայաստանի կառավարությունից ընդամենը մի բան է խնդրում՝ աջակցել սիրիահայերին նոր շուկա բացելու հարցում՝ այդպիսով օժանդակություն բերելով պատերազմի թոհուբոհի մեջ տունուտեղ, ունեցվածք կորցրած մարդկանց կյանքի վերակերտմանը:

Վերնիսաժի տարածքում երկու տասնյակից ավելի տաղավարները հատկացվել են միայն շաբաթվա հինգ աշխատանքային օրերի համար, մինչդեռ երկուշաբթիից ուրբաթ ժամանակահատվածում առևտուր, փաստորեն, չկա, իսկ շաբաթ-կիրակի օրերին, երբ Վերնիսաժում ակտիվ եռուզեռ է, այդ տաղավարները հատկացվում են այլ առևտրականների։ Փոխարենը՝ Երևանի քաղաքապետարանը նրանց նույն շուկայի այլ հատված է տրամադրել: Սիրիահայ գործարարների միության փոխնախագահ Միքայել Կարապետի պնդմամբ, այն «աչքից հեռու է ու անհարմար»։

«Շաբաթ-կիրակի էս տեղը սաղ փակվում է, մուտքը փակվում է, մեզ հատկացված տարածքն այս փոքրն է, ասում են՝ 25 տաղավար են տվել, ֆիզիկապես հնարավոր չէ այստեղ այդքան լինել։ Այս տարածքը ընդհանրապես փակ է»,- ասում է Միքայելը։

Սիրիահայ գործարարները վճարում են Վերնիսաժի տարածքի բացօթյա տաղավարների համար։ Ասում են, թե պատրաստ են ավելին վճարել, միայն թե «նորմալ պայմաններով շուկայում աշխատեն», պատրաստ են նաև իրենց հաշվին ծածկել, այլ հարմարություններ կառուցել առանձին տարածքում: Սակայն քաղաքային իշխանությունները մերժել են նրանց խնդրանքը, պատճառաբանելով, թե Վերնիսաժի տարածքում արդեն տաղավարներ ունեն։

«Մեր նպատակը չէ ցուրտերու մեջ, մեկ զոնտիկի տակ բիզնես դնել, մեր նպատակն է քաղաքակիրթ առևտուր կազմակերպել։ Մենք որոշեցինք շուկա ստեղծել, քանի որ այդ տոնավաճառները արդյունավետ էին սիրիահայերի համար, լինի սիրիահայերի շուկա՝ սնունդ, ծառայություն, մի տարածքի մեջ լինի»։ «Կարևորը, որ պաշտպանվինք ցրտից, նայեցեք, գորգեր են, իջեցրել եմ անձրևին, անիմաստ է այստեղ ապրանք վաճառելը, կփչանա»,- դժգոհում են սիրահայ առևտրականները:

Երևանի քաղաքապետարանից «Ազատության» հարցմանն ի պատասխան ասացին, որ Վերնիսաժի տարածքից բացի Կենտրոնում այլ հարմար տարածք չկա։ Սիրիահայ գործարարներին առաջարկել են Մալաթիայի շուկայում գործող տոնավաճառները, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից:

XS
SM
MD
LG