Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ խոսնակը «հնարավորությունների բյուջե» է համարում 2016-ի բյուջե նախագիծը


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի համոզմամբ, մինչդեռ, ներկայացված նախագիծը «մսխող բյուջե է»:

«Ես կարծում եմ, բյուջեն հնարավորությունների բյուջե է: Մեր երկրի կարիքները բազմաթիվ են, իսկ միջոցները՝ սուղ, կուտակված խնդիրները պետք է լուծվեն քայլ առ քայլ՝ Ազգային ժողովի և կառավարության, բոլոր քաղաքական ուժերի սերտ համագործակցության միջոցով: Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ջանքերի համախմբում՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու և առկա դժվարություններն արժանավայել հաղթահարելու համար», - բյուջեի նախագծի քննարկմանը Ազգային ժողովում հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ պետական պարտքն է ցույց տալիս՝ կառավարությունը մսխո՞ղ է, թե՞ ստեղծագործ․ - «Մեր վերցրած պարտքերը ամենևին ստեղծագործական չեն, ընդամենը մսխվող գումարներ են, որոնք ոչ մի զարգացում Հայաստանին չեն բերում, ընդհակառակը՝ բերում են պարտքեր եկող սերունդների համար»:

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ):

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ):

Մանուկյանի հիշեցմամբ՝ 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկին, պետական պարտքը եղել է 1.6 միլիարդ դոլար, 2016-ի բյուջեով նախատեսվում է արդեն 5.6 միլիարդ: Մինչդեռ տնտեսությունն այդ տարիներին չի աճել․ - «Սա է մեր պարտքերի սարսռող, վտանգ առաջացնող, հետագայի նկատմամբ ուղղակի ոչ հեռանկարային մեր ֆինանսական-տնտեսական զարգացումը»:

Ընդդիմադիր պատգամավորը, հիշատակելով կառավարության հաստատած ռազմավարությունը, որով նախատեսվում է 2015-17 թվականներին կրճատել պետական պարտքը, հայտարարեց, թե իրականում այն արդեն մոտենում է վտանգավոր սահմանագծին․ - «Սա վաղվա օրը կործանող, վաղվա հեռանկարը կործանող բյուջե է և լրջագույն պարտքերի տակ գցող այն սերունդներին, այն կառավարությանը, որը վաղն է լինելու: Եվ սա ուղղակի ես համարում եմ մսխող բյուջե: Մեր կառավարությունը մսխող կառավարություն է»:

XS
SM
MD
LG