Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանն ուժեղացնում է սահմանային անվտանգությունը


Վրաց-թուրքական սահմանը Սարպիում, արխիվ

Վրաց-թուրքական սահմանը Սարպիում, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով, անվտանգության լրացուցիչ միջոցների ընդունումը չի նշանակում, թե հրատապ սպառնալիքներ կան։

Փարիզի նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակումներից հետո Վրաստանը ուժեղացնում է սահմանային անվտանգությունը և ռազմավարական կարևոր օբյեկտների հսկողությունը։

Չորեքշաբթի օրը Վրաստանի պետական անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե Վրաստանն անվտանգության լրացուցիչ միջոցներ է ընդունում։ Նիստից հետո պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին լրագրողներին ասել է՝ անվտանգության լրացուցիչ միջոցների ընդունումը չի նշանակում, թե հրատապ սպառնալիքներ կան։

Վրաստանի պետական անվտանգության խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեի խոսքով, սահմանապահ ծառայության ռեժիմի խստացումը սահմանափակումներ չի ենթադրում։ Նա հայտնել է, որ ուժեղացվելու է նաև ռազմավարական օբյեկտների և կարևոր ենթակառույցների պահպանությունը։

Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին ասել է, որ առավոտվանից սահմանների վրա խստացվել է այլ երկրներից Վրաստան մտնելու ռեժիմը, մասնավորապես՝ ասիական և աֆրիկյան երկրներից։ «Փորձում ենք առավելագույնն անել, որպեսզի մեր երկիրը որպես տարանցիկ ճանապարհ չօգտագործվի Սիրիա հասնելու և ռազմական գործողություններին մասնակցելու համար», - նշել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը։

Նրա տեղակալն ավելի վաղ հայտարարել էր, որ տասնյակ օտարերկրյա քաղաքացիների թույլ չեն տվել մտնել Վրաստան, որովհետև կասկածներ կային, որ նրանք Վրաստանով և Թուրքիայով մտադիր էին գնալ Սիրիա։ «Այս դեպքում մենք առաջնորդվում ենք ցուցակով, և այդպիսի մարդիկ հազարից ավելի են։ Տվյալները մեզ են տրամադրում մեր ռազմավարական գործընկերները, խոսքը վերաբերում է ոչ միայն ակտիվ ահաբեկիչներին, այլև պոտենցիալ ահաբեկիչներին։ Մենք նրանց չենք թույլատրում մտնել Վրաստան, հետ ենք ուղարկում», - նոյեմբերի 16-ին «Մաեստրո» հեռուստաընկերության հետ զրույցում ասել էր պետանվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան՝ մանրամասնելով, որ հետ ուղարկված մարդկանց թվում ավելի քան 30-ը միայն Սոմալիից էին։

XS
SM
MD
LG