Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Բարեփոխումների նպատակը ամենևին այն չէ, ինչ նշել է երկրորդ նախագահը


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանն այսօր ունի ոչ թե գերկենտրոնացված նախագահական կամ ուժեղ նախագահական, այլ կիսանախագահական համակարգ, ընդգծում է ՀՀԿ խոսնակը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը գերմանական «Դոյչե Վելլե»-ին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը չի քննարկել, թեև Հայաստանի երկրորդ նախագահի կարծիքը կարևոր է ՀՀԿ-ի համար։ Այդ մասին երեկ երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ի տարբերություն Քոչարյանի նախորդ հարցազրույցի, որտեղ «անընդունելի, նույնիսկ սխալ գաղափարներ կային», այս հարցազրույցում «այդ տոնայնությունը չկար»։

«Բայց այնուամենայնիվ, իմ մոտ տպավորությունն այն է, որ սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումը ամբողջական չէ, քանի որ հարգելի պարոն երկրորդ նախագահը նշում է, որ, ըստ իր կարծիքի, սահմանադրական բարեփոխումների նպատակը կամ դրդապատճառը, ինչպես ինքն է ասում, գերկենտրոնացրած նախագահական իշխանությունը ապակենտրոնացնելն է։ Պետք է ասեմ, որ ամենևին դա չէ սահմանադրական բարեփոխումների նպատակը», - հայտարարեց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ Հայաստանն այսօր չունի գերկենտրոնացված նախագահական կամ ուժեղ նախագահական համակարգ, փոխարենն ունի կիսանախագահական համակարգ, և ՀՀԿ-ի նպատակն է սահմանադրական բարեփոխումներով «կայուն կառավարում ապահովելը, անվտանգության կայուն համակարգ ունենալը, որտեղ չեն լինի նախագահի և մեծամասնության միջև հակասություններ, ինչը հնարավոր է կիսանախագահական համակարգում»։

Ռոբերտ Քոչարյանը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է նաև սահմանին տիրող լարվածությանը՝ նշելով, որ «եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություններն ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն»։ Քոչարյանի այս դիտարկմանը Շարմազանովն այսպես արձագանքեց. - «Ես պետք է ասեմ, որ մեր հարգարժան երկրորդ նախագահը միգուցե չի տիրապետում ողջ տեղեկատվությանը, միգուցե չի տիրապետում լուրջ ինֆորմացիայի, թե չէ նման ինֆորմացիա տիրապետելու պարագայում դժվար թե երկրորդ նախագահը նման հայտարարություն աներ»։

«Դոյչե Վելլե»-ի հարցազրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը, Հայաստանի երկրորդ նախագահն ասել է. - «Մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում»։

Շարմազանովը սրան հակադարձեց՝ վստահեցնելով, որ նախագահի սեպտեմբերի 3-ի որոշումը մեկ օրվա որոշում չէր։ «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացել են։ Եվ հենց Մոսկվայում էլ հանրապետության նախագահը նշեց, որ Մաքսային միության անդամակցման մեր պատրաստակամությունը չի խոսում նրա մասին, որ մենք պետք է դադարեցնենք մեր քաղաքական երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ», - հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակը:

XS
SM
MD
LG