Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության համակարգման կարևոր և հաջողված ձևաչափ է:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ ջանքերը: Նախագահը կարևորել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ Հայաստան է ժամանել առաջին հերթին Միացյալ Նահանգների գնահատանքը հայտնելու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության համար, որը, ըստ նրա, հատկապես կարևոր է գնահատվում համաշխարհային վերջին զարգացումների և Փարիզում տեղի ունեցածի համատեքստում:

«Միացյալ Նահանգները և Հայաստանը գործընկերներ են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանն առնչվող տարաբնույթ հարցերում: Մենք բարձր ենք գնահատում գլոբալ անվտանգության ոլորտում Հայաստանի ներդրումը, մասնավորապես՝ 2004թ.-ից Կոսովոյում և 2010թ.-ից Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, 2014թ.-ից Լիբանանում՝ ՄԱԿ-ի շրջանակում, իսկ վերջերս Խաղաղապահության հարցերին նվիրված ՄԱԿ-ի վեհաժողովում Հայաստանը հայտարարեց ամբողջ աշխարհում խաղաղապահ առաքելություններին աջակցելու իր պատրաստակամության մասին: Ուրախ եմ լինել այստեղ՝ Երևանում և օգնել մեր երկու երկրների միջև առևտրային կապերի սերտացմանը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջոցով: Մենք, տեղի մեր գործընկերների հետ, շարունակում ենք աշխատել՝ աջակցելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական զարգացման, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի թափանցիկության, ներառականության ու ներկայացուցչականության հարցերում»,- ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Բրիջիթ Բրինքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG