Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ականները կարծում են՝ հանրաքվեի հարցում չկողմնորոշված շատ քաղաքացիներ կան


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Մոտ երկու շաբաթ է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն է ընթանում, մինչդեռ շատ ուժեր անգամ քարոզչական պաստառներ չունեն, մարզային հանդիպումների մասին էլ գրեթե տեղեկություններ չկան։

«Ոչ»-ի ճակատում վստահ են՝ քարոզարշավը պասիվ է ընթանում, քանի որ հանրապետականները ծրագրել են «Այո»-ի հաղթանակին վարչական ռեսուրսի օգնությամբ հասնել։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էլ ընդդիմախոսներին հռետորական հարց է ուղղում՝ ի՞նչ է, պետք է միմյանց ծեծեին, որ ակտի՞վ լիներ քարոզարշավը։ «Այո և ոչ» ռեալիթի շոուն հիշեց, պնդեց, որ այն ակտիվացնում է քարոզարշավը, գործիչները մարդկանց մոտ փորձում են հետաքրքրություն ստեղծել հանրաքվեի հանդեպ։

Այն հարցին էլ, թե ինչո՞ւ ինքը չի մասնակցում շոուին, արձագանքեց.- «Ես առավոտից երեկո նիստի եմ, ինչպիսի՞ ցանկություն պիտի լինի»։

Սահակյանի խոսքով՝ եթե մարդիկ հետաքրքրված լինեն, ապա ով կարդալ գիտի, կկարողանա ընթերցել փաստաթուղթը։ Չնայած, նրա պնդմամբ, 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ ժողովուրդը առաջարկվող փոփոխություններից տեղյակ չէր։

«Ոչ»-ի ճակատը պնդում է, թե իշխանությունները վարչական ռեսուրս են օգտագործում։ Սահակյանը չի հերքում, ասում է՝ խնդիրը 90-ականներից է գալիս։ «Ցանկացած քաղաքական ուժ ինչ կարողություններ ունի, այդ կարողություններով էլ հանդես է գալիս։ Այսինքն ընտրություններից զրկե՞նք նրանց, ովքեր պետական պաշտոններում են աշխատում»։

Հանրապետականները այսօր հայտարարում էին, որ ոչ թե «այո»-ն կամ «ոչ»-ն է շատ, այլ չկողմնորոշված մարդիկ։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ընտրազանգվածի 50 տոկոսը դեռ չի որոշել ինչպես է քվեարկելու, մյուս 50 տոկոսի մեծ մասը «այո»-ի կողմնակից է։ Նա շեշտեց, որ պետական կառույցների աշխատակիցները, իր տվյալներով, «այո» են ասելու։ «Ազատության» այն հարցին էլ, թե արդյոք ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող ճնշումնե՞րը չեն դրա պատճառը, նա արձագանքեց.- «Որովհետև իրենք ավելի ուսումնասիրած և իրազեկված մասսա են, հասկանում են, որ սահմանադրական փոփոխությունները ոչ կապ ունեն գործող իշխանության, քաղաքական ուժերի հետ, ոչ մյուսների հետ, չեն անձնավորում, և նրանք հասկանում են պարզապես, որ սա մեր ապագան է»։

Հանրապետականները պնդում են, որ հանդիպումներ նաև իրենք են անցկացնում, մարզային գրասենյակների ներկայացուցիչներն են քաղաքացիների հետ հանդիպում, և դա միշտ է եղել, հիմա նրանք ավելի շատ «Այո և ոչ» ռեալիթի շոուից են նախընտրում խոսել։

Շոուի ակտիվ մասնակիցներից է «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը. այսօր նա խորհրդարան էր եկել, պատմեց տպավորությունները, պարզել է, որ մարդկանց ավելի շատ սոցիալական խնդիրներն են հուզում, իրենք էլ փորձում են հասկացնել, որ փոփոխությունը իրավիճակի վրա կարող է ազդել։

Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանն էլ կարծում է՝ «Այո»-ի ճակատը և հատկապես հանրապետականները ակտիվ քարոզարշավ չեն իրականացնում, քանի որ զգում են՝ դա հակառակ արդյունք կունենա։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ հանրապետականները քաղաքացիների հետ չեն հանդիպում, քանի որ «այո»-ի հաղթանակի միակ հույսը վարչական ռեսուրսն է։

«Իրենք արդեն նախարարություններում, մանկապարտեզների դայակների, ուսուցիչների, վարչական աշխատողների միջոցով ցուցակներ են հավաքում՝ ովքեր են կողմ լինելու, և նույնիսկ հասել են էնտեղ, որ «եթե դու կողմ չլինես, անձնագիրդ չտաս կամ չքվեարկես, աշխատանքից կզրկվես»։ Իրենց շեշտադրումը ավելի շատ գնում է վարչական մեխանիզմի կիրառման վրա»,- ասաց պատգամավորը։

Մանուկյանը նաև ասաց, որ մարզային բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեծ թվով քաղաքացիներ բողոքել են՝ նախագիծը չունեն, որ կարդան։ Հարց են բարձրացնում՝ ինչպե՞ս կարող են քվեարկել, եթե տեղյակ չեն՝ ինչի մասին է խոսքը։

XS
SM
MD
LG