Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կոչ է անում համատեղել ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սինայի թերակղզում 224 մարդու կյանք խլած՝ ռուսական օդանավում տեղի ունեցած ահաբեկչությունը հարձակում է Ռուսաստանի վրա։

«Մեր պատասխան գործողությունները հիմնված են ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի վրա, որը ենթադրում է, որ եթե պետության վրա հարձակվում են, այդ պետությունը պաշտպանության իրավունք ունի, և Մոսկվան պաշտպանվելու է բոլոր հնարավոր միջոցներով՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական»,- ասել է Լավրովը։

Մոսկվան երեկ հայտարարել էր, որ ցամաքային գործողություններ չի նախատեսում, սակայն փորձագետները համոզված են, որ ահաբեկչության դեմ այս լայնածավալ պատերազմում, որը Մոսկվան հայտարարել է, պետք չէ նաև նման սցենարը բացառել։

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդն այսօր ուղերձ է հրապարակել միջազգային հանրությանը և արտերկրի խորհրդարաններին, որում կոչ է անում բոլոր այն երկրներին, որ ժխտում են ահաբեկչությունը, միանալ և միասին պայքարել դրա դեմ։

«Միջազգային հանրությունը պետք է հաղթահարի տարաձայնությունները և միասին պայքարի ահաբեկչության դեմ»,- ասված է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի տարածած հաղորդագրությունում։

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Պուտինի փոխարեն մասնակցում է Ֆիլիպինների մայրաքաղաքում մեկնարկած Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի աշխատանքներին։ Ռուսաստանի վարչապետը նույնպես կոչ է արել քաղաքակիրթ աշխարհին միանալ և միասին պայքարել ահաբեկչության դեմ։ Նա իր զարմանքն է հայտնել «արևմտյան երկրների անհեռանկար դիրքորոշման կապակցությամբ»։

«Այդ երկրները նույնիսկ այսօր, երբ աշխարհին պատերազմ է հայտարարված, չեն ուզում միանալ և համագործակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Մեդվեդևը։

Հավանաբար սա առաջին հերթին Միացյալ Նահանգներին է վերաբերում։ Երեկ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ, իսկ Վաշինգտոնը չի ուզում։

Մեդվեդևը Ֆիլիպիններում նաև ընդգծել է. - «Արևմտյան երկրները այսպես են մտածում՝ «Այո՛, «Իսլամական պետությունը» չարիք է, սակայն այնպիսի չարիք չէ, որը ոչնչացնելու համար մենք պետք է համագործակցենք Ռուսաստանի հետ։ Մենք չենք սիրում Ասադին և աջակցում ենք Ուկրաինային, իսկ Ռուսաստանը՝ հակառակը։ Դրա համար էլ՝ ոչ մի համատեղ աշխատանք Ռուսաստանի հետ»։

XS
SM
MD
LG