Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը կտրականապես դեմ է, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք անվանեն։ Սերժ Սարգսյանի վերջին պարտությունը այստեղ, նրա խոսքով, չի արտացոլում իրականությունը, գյումրեցիները միամտաբար էին հավատացել ընդդիմությանը․ - «Ուրիշի խրատներն արդեն, կուլտուրայի զոհ գնալով, չլսենք»:

Մինասյանն ասաց, որ մարզում «այո»-ի 150 շտաբ են բացել և, իր բնորոշմամբ՝ այս անգամ նոր մոտեցումներով են քարոզելու․ - «Մասամբ կբացառենք այն արատավոր մոտեցումները, որով որոշակի քաղաքական խմբավորումներ, ուժեր փորձում են խնդիրը տեղափոխել զուտ քաղաքական դաշտ»:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տարակուսած է՝ ի՞նչ երեսով են հանրապետականները շրջելու քաղաքում․ - «Ավելի հեշտ է գյումրեցուն համոզել, որ Սլաբոդկայից մի քիչ ներքև ծովափ է լինելու շուտով, քան թե բացատրել, համոզել, որ Սահմանադրության մեջ էին Հայաստանի և Գյումրու չարիքները, և ահա հենց փոխեն Սահմանադրությունը, Գյումրիում դրախտ է լինելու»:

Քաղաքի ավագանու անդամ Բարսեղյանը գիտի, որ «այո»-ի դիմաց իշխանությունները սոցիալական խոստումներ են տալիս, ու հարց է տալիս․ - «Սահմանադրությո՞ւնն էր խանգարում, որ Գյումրիում չորս հազար անօթևան չլիներ, Գյումրու փողոցների ութսուն տոկոսը, որոնք ավերակ են քսանյոթ տարի, հիմա նորոգված լինեին, արտագաղթ չլիներ, որ աղքատությունը Գյումրիում քառասունհինգ-հիսուն տոկոս չլիներ»:

Լևոն Բարսեղյանն ահազանգեր է ստացել, որ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին են հրահանգել ձայներ ապահովել: Մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն, ի դեպ, ղեկավարում է հենց «այո»-ի քարոզարշավի պատասխանատուներից Սահակ Մինասյանը:

«Փակ գաղտնի քվեարկության պարագայում հորդորը, բացի բացատրական աշխատանքից, որը կարող է իրականացնել ցանկացած քաղաքացի, կարո՞ղ է ինչ-որ լծակի կամ ներգործության ազդեցություն ունենալ: Ոչ: Ասենք, դպրոցի տնօրենին ես ասեցի․ դպրոցի տնօրենը գնաց մանկավարժին ասեց, հետո մանկավարժը անելո՞ւ է․․․ Դուք համոզվա՞ծ եք դրանում», - ասաց Մինասյանը։

Գյումրեցի ընդդիմադիրները, մինչդեռ ,պաշտոնյայի մասնակցությունը քարոզարշավին արդեն իսկ խախտում են որակում:

«Գործադիր իշխանության ամբողջ մի չինովնիկական ապարատ՝ իր հաստատություններով, շենքերով, աշխատասենյակներով, աշխատակազմերով, լծված են Սերժ Սարգսյանի շանտաժ-պատվերը կատարելուն: Սա վարչական ռեսուրսի օգտագործման ամենացայտուն օրինակն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային Կոնգրեսի Գյումրիի համակարգող Մուրադ Գրիգորյանը:

Նա չի էլ համեմատում իրենց ռեսուրսները իշխանականի հետ, ամբողջ քաղաքն է «այո»-ի պաստառների մեջ: Իրենք փող չունեն, փոխարենը ակտիվ քարոզներում բացատրում են, որ խորհրդարանական համակարգի հետևում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն է թաքնված․ - «Իշխանական նենգ ձեռագրերի բացահայտումը մեր ակտիվի, մեր համակիրների մշտական գործելակերպն է դարձել ամենօրյա շփումների, ամենօրյա զրույցների, թաղերում ու գյուղերում շրջայցների ընթացքում»:

XS
SM
MD
LG