Մատչելիության հղումներ

Հայ գործարարները չեն կարողանում մասնակցել ԵՏՄ պետգնումների մրցույթներին


ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան

Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մեկ տարին, սակայն առայսօր հայաստանյան ընկերությունները չեն կարողանում մասնակցել միության մյուս անդամ-երկրների պետգնումների մրցույթներին, այսօր գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Բազմաթիվ հայկական ընկերություններ այսօր շահագրգռված մասնակցելու ԵՏՄ տարածքում պետական գնումների մրցույթներին։ Ցավոք, հայկական ընկերությունները չեն կարողանում մասնակցել մի շարք ընթացակարգային խնդիրների պատճառով։ Այս ուղղությամբ մեր հանձնաժողովը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ԵՏՄ գործընկերների հետ»,- հայտնեց Շաբոյանը։

Ընդմիջմանը Շաբոյանից հետաքրքրվեցինք՝ որո՞նք են այդ ընթացակարգային խնդիրները։ «Առաջին և ամենակարևոր խնդիրը կապված է էլեկտրոնային ստորագրությունների հետ, քանի որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում պետական գնումները էլեկտրոնային եղանակով են իրականացվում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Ղազախստանում»,- պարզաբանեց նա։

Վերջերս Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստել է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի պետք է սահմանափակվեն ներկրվող պարենամթերքի պետական գնումները և առաջնությունը տրվելու է ռուսաստանյան արտադրողներին: Խոսքը նախևառաջ վերաբերում է ներկրվող մսամթերքին, ձկնեղենին ու կաթնամթերքին: Նախագծի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 5-ին, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը տարածեց Ռուսաստանի կոնյակ արտադրողների միության՝ «Սոյուզկոնյակ»-ի ղեկավար Վալերի Պարֆյոնովի նամակը՝ ուղղված այդ երկրի գյուղատնտեսության նախարարությանը, որում առաջարկում էր արգելել Ռուսաստան ներմուծվող կոնյակի պետգնումները:

Շաբոյանին խնդրեցինք արձագանքել՝ չէ որ բազմիցս նշվել է, որ ԵՏՄ-ում հավասար պայմաններ են լինելու բոլոր անդամ-երկրների տնտեսվարողների համար:

«Այս հայտարարությանը տեղյակ չեմ, չեմ կարող պատասխանել, կուսումնասիրեմ, կարձագանքենք»,- ասաց ՏՄՊՊՀ ղեկավարը։

Հարցին՝ տարօրինակ չի՞ համարում , որ ԵՏՄ-ին գրեթե մեկ տարվա անդամակցությունից հետո հայ գործարարները ընթացակարգային խնդիրների պատճառով չեն կարողանում մասնակցել պետական գնումներին, Շաբոյանը պատասխանեց.- «Հայ գործարարները կարող են մասնակցել պետական գնումներին այլ ճանապարհներով։ Հայկական ընկերությունները կարող են ներկայացուցչություններ ունենալ, դուստր ընկերություններ ունենալ այդ երկրների տարածքներում և այդ ճանապարհով մասնակցել պետական գնումների մրցույթներին։ Այնուհանդերձ, մենք ցանկանում ենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայկական ընկերությունների համար, որ ոչ թե լրացուցիչ ծախսեր կատարեն, ներկայացուցչություններ հիմնեն, այլ Հայաստանի տարածքից՝ իրենց աշխատանքի վայրից ռուս, ղազախ գործարարների նման կարողանան միաժամանակ մասնակցել այդ մրցույթներին»։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ասաց, թե հայաստանցի գործարարի համար դժվար է, օրինակ, ռուսական շուկայում պետգնման պատվեր ստանալ, որովհետև խնդիրներ են ծագում ծավալների ապահովման, որակի ստանդարտների և նրանց չինովնիկության հետ հարաբերվելու ժամանակ:

«Տեխնիկական կանոնակարգերի իմաստով կամաց-կամաց մեր ինտեգրացումը կտանի նրան, որ 1-2 տարի հետո մենք կունենանք հավասար պայմաններ ղազախի, ռուսի և ղրղըզի հետ։ Հիմա որոշակի անցումային էտապ է, որը բերում է նրան, որ պետք է գործարարը սովորի, հասկանա։ Խնդիրը ավելի շատ կազմակերպչական բնույթի է, ոչ թե ինչ-որ խարդավանքներ են, որ գալիս են դրսից։ Հայ գործարարի գերխնդիրը պետք է լինի առաջին հերթին իր շուկայում առողջ մրցակցությամբ հաղթելը»,- ասաց Ղազարյանը։

XS
SM
MD
LG