Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղին է հանձնել շարքային Անդրանիկ Գրիգորյանին


Անդրանիկ Գրիգորյանը ադրբեջանական գերության մեջ, մարտ, 2015թ․
Անդրանիկ Գրիգորյանը ադրբեջանական գերության մեջ, մարտ, 2015թ․

Ադրբեջանական կողմն այսօր ժամը 13:30 Լեռնային Ղարաբաղին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, նշում է, որ ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991 թ․ ծնված Անդրանիկ Գրիգորյանը, հիշեցնենք, այս տարվա մարտի 22-ին ժամը 13:50-ի սահմաններում իր զորամասի մարտական դիրքից անցել էր հակառակորդի կողմը՝ զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցներում կադրեր հայտնվեցին, թե ինչպես է Գրիգորյանը սպիտակ կտորը ձեռքին հատում սահմանը: Մեկ այլ տեսանյութում նա պատմում էր, թե ինչու է հեռացել մարտական հենակետից: Պաշտպանության բանակը դա որակեց «ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG