Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մրցանակ հանձնեց Եվգենի Կասպերսկուն


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Նախագահի նստավայրում երեկ երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն։

Մրցանակի հանձնման արարողությունից հետո, ի պատիվ Եվգենի Կասպերսկու և նրա տիկնոջ` Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն:

«Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ: Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը: Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ: Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է», - ասել է Կասպերսկին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին, նա խոստացել է աշխատել ավելի լավ: «Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլև՝ ողջ աշխարհը, որովհետև հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի և կիբեր տարածության մեջ: Դրանք միահյուսված են, և մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա: Եվ այս պարգևը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ: Շատ շնորհակալություն», - ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրենը։

Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասել է. - «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհով մեկ գլուխ բարձրացնում հետադիմական ուժերը, որոնք փորձում են խեղդել ժամանակակից աշխարհն ու արդիականացման գաղափարախոսությունը: Չգիտեմ՝ արդյո՞ք պարոն Կասպերսկին գիտի, թե ինչ հակավիրուս է մեզ անհրաժեշտ այդ չարիքի դեմ պայքարելու համար: Սակայն վստահ եմ, որ արդի աշխարհն այնքան ճկուն և խոհեմ է լինելու, որ ի վերջո գտնելու է նաև այդ չարիքից պաշտպանվելու հակավիրուսը: Եվ դա լինելու է արդիականության և արդիականացման հաղթական պատասխանը հետադիմության և տգիտության վիրուսին»։

«Հարգարժա՛ն պարոն Կասպերսկի, կասկած չկա, որ Ձեր կատարած աշխատանքը գնահատված է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դուք և ձեր համախոհները նոր դռներ եք բացում մարդկության առջև, միաժամանակ նաև օգնում հուսալիորեն պաշտպանել այդ դռները: Հայտնի է, որ ում շատ է տրված, նրա հանդեպ ներկայացվող պահանջներն էլ բարձր են», - ընդգծել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG