Մատչելիության հղումներ

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

«Զոգբի» հետազոտական կենտրոնի (Zogby Analytics) կողմից նոյեմբերի 9-ին առաջին անգամ անցկացված հեղինակավոր ամերիկյան հարցախույզը ցույց է տալիս Հայոց ցեղասպանության և Արցախի վերաբերյալ ամերիկյան հասարակության գիտելիքների մակարդակն ու կարծիքը: Բացառապես տողերի հեղինակին տրված հարցախույզի արդյունքների անճշտությունը տատանվում է 3.1 տոկոսի սահմաններում:

Այն հարցին, թե արդյոք տեղյակ եք, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, զարմանալի է, որ հարցման մասնակիցների միայն 34.8 տոկոսն է դրական պատասխան տվել, 49.6 տոկոսը պատասխանել է «ոչ», իսկ 15.6 տոկոսը՝ «գաղափար չունեմ»: Ակնկալում էինք, որ ԱՄՆ քաղաքացիների շատ ավելի բարձր տոկոսը տեղյակ կլիներ Հայոց ցեղասպանության մասին, հատկապես Հարյուրամյակի այս տարվա ոգեկոչման խոշոր միջոցառումներից հետո: Այն փաստը, որ ամերիկացիների կեսը երբեք չի լսել 1.5 միլիոն հայերի Ցեղասպանության մասին, ցույց է տալիս, որ մեծ ջանքեր են անհրաժեշտ հանրությանը լուսավորելու համար:

«Զոգբի» հետազոտական կենտրոնն իր հարցման մեջ ծավալուն տեղեկատվություն է տրամադրում մասնակիցների անձնական տվյալների մասին: Ահա մի քանի հետաքրքիր մանրամասներ.

- Մինչ արական սեռի մասնակիցները վերոնշյալ հարցի վերաբերյալ իրենց իմացությամբ բաժանվում են հավասարապես, կանանց շրջանում խիստ անհավասարակշռություն կա. Հայոց ցեղասպանության մասին անտեղյակ կանանց թիվը կրկնակի ավելի է տեղեկացվածների թվից:

- Պատասխանողների շուրջ կեսը հավասարապես անտեղյակ է Հայոց ցեղասպանության մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Լիբերալները մի փոքր ավելի տեղեկացված են, քան չափավորները և պահպանողականները: Զարմանալի է, որ «Թեյի կուսակցության» (Tea Party) և «Գրավի՛ր Ուոլ Սթիթը» (Occupy Wall Street) շարժման համակիրների մեծամասնությունը իրազեկ է Հայոց ցեղասպանության մասին:

- Համալսարանների շրջանավարտների Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունն ավելի բարձր է, քան չավարտածների:

- Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված է 25-34 տարեկանների տարիքային խումբը, իսկ ամենաքիչ՝ 35-53 տարեկաններինը:

- Իսպանախոս ամերիկացիներն ավելի քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան «սպիտակները». ամենաքիչ տեղեկացվածները աֆրոամերիկացիներն ու ասիական ծագում ունեցող ամերիկացիներն են:

- Կաթոլիկներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան բողոքականները:

- Արևմտյան ափի ամերիկացիներն ավելի տեղյակ են Հայոց ցեղասպանության մասին, քան արևելքում ապրող նրանց հայրենակիցները, իսկ ամենաանտեղյակները ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներում ապրող ամերիկացիներն են:

- Հայոց ցեղասպանության մասին ամենաշատ գիտեն ամենաբարձր եկամուտներ ունեցող (100 հազար դոլար և ավելի) ամերիկացիները, իսկ ամենաքիչը՝ նրանք, ովքեր ունեն 35-50 հազար դոլարի տարեկան եկամուտ:

Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության մասին առավել տեղեկացված ամերիկացին՝ տղամարդ է, աջակողմյան կամ ձախակողմյան թևի ակտիվիստ, համալսարանի շրջանավարտ, 25-35 տարեկան, իսպանախոս, կաթոլիկ, ապրում է Արևմտյան ափին և ունի ավելի քան 100 հազար դոլարի տարեկան եկամուտ, իսկ Հայոց ցեղասպանության մասին ամենաանտեղյակ ամերիկացին՝ իգական սեռի ներկայացուցիչ է, գլխավոր կուսակցությունների անդամ, բարձրագույն կրթություն չունի, 35-53 տարեկան է, աֆրոամերիկացի կամ ասիական ծագում ունեցող, բողոքական, ապրում է կենտրոնական կամ հարավային նահանգներում և ունի 35-50 հազար դոլարի տարեկան եկամուտ:

Ահա Ցեղասպանությանն ու Արցախին առնչվող մյուս ութ հարցերի պատասխանները.

- Ամերիկացիների 46.5 տոկոսը կողմ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է կոչ անի Թուրքիային հրապարակայնորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 16.1 տոկոսը դեմ է, իսկ 37.4 տոկոսը չգիտի:

- 39 տոկոսը կողմ է, որ «Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է բանաձև ընդունի Հայոց ցեղասպանության մասին... եթե նույնիսկ դրա հետևանքով խզվեն դիվանագիտական հարաբերությունները Մերձավոր Արևելքում գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ», 22.5 տոկոսը դեմ է, իսկ 38.5 տոկոսը չգիտի:

- 63.2 տոկոսը կողմ է, որ «եթե Միացյալ Նահանգների դաշնակիցը նախաձեռնում է մի ծրագիր՝ բնակչությանն իր սեփական երկրում ոչնչացնելու, հալածելու կամ տեղահանելու համար, ապա ԱՄՆ-ը պետք է դադարեցնի տնտեսական և/կամ ռազմական օժանդակությունն այդ դաշնակցին», 10.5 տոկոսը դեմ է, իսկ 26.3 տոկոսը չգիտի:

- 20.1 տոկոսը կարծում է, որ երբ որևէ երկիր ցեղասպանություն է իրականացնում, ապա նա պետք է «գումարային» փոխհատուցում վճարի, 11.8 տոկոսն ասում է, որ նա պետք է փոխհատուցի զավթած «հողերը» վերադարձնելով, 10.7 տոկոսը՝ «մեկ այլ խորհրդանշական արարքով», 9.4 տոկոսը՝ «ոչ մի փոխհատուցում չպետք է վճարի», իսկ 48 տոկոսը չգիտի:

- 31.3 տոկոսը կարծում է, որ ՄԱԿ-ը պետք է որոշի, թե ինչ փոխհատուցում պետք է տրվի ցեղասպանության իրագործման դեպքում, 23.8 տոկոսն ասում է, որ դա պետք է որոշի Միջազգային քրեական դատարանը. 12.1 տոկոսը՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսը, 3 տոկոսը՝ Amnesty International-ը, 2.5 տոկոսը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 0.8 տոկոսը՝ Հռոմի պապը, իսկ 26.5 տոկոսը չգիտի:

- 37.9 տոկոսը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է «տնտեսական պատժամիջոցներ» կիրառի ընդդեմ այն երկրի, որը «հրաժարվում է ճանաչել և պատասխանատվություն կրել մարդկության դեմ գործած իր հանցագործությունների համար», 16.4 տոկոսն ասում է, որ ԱՄՆ-ը պետք է «քաղաքական/դիվանագիտական ճնշում» գործադրի, 8.6 տոկոսը՝ «էմբարգո», 2.6 տոկոսը՝ ԱՄՆ-ը պետք է պատերազմ հայտարարի. 4.5 տոկոսը՝ «ոչինչ չանի», իսկ 30 տոկոսը չգիտի:

- 38.3 տոկոսը կողմ է, որ «Միացյալ Նահանգները պետք է միջամտի, եթե Ադրբեջանը փորձի արտաքսել [Արցախի] էթնիկ քրիստոնյա հայերին, որոնք դարեր շարունակ ապրում են այնտեղ», 21.8 տոկոսը դեմ է, իսկ 39.9 տոկոսը չգիտի:

- 40.4 տոկոսը կողմ է, որ եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ապա Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Իսրայելին, որը ժամանակակից զենքեր է վաճառում Բաքվին, խզել դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ, 16.9 տոկոսը դեմ է, իսկ 42.7 տոկոսը չգիտի:

Իր տեսակի մեջ առաջին նման հարցախույզը կարող է ծառայել որպես կարևոր ուղեցույց ամերիկահայ համայնքի համար՝ իմանալու, թե որտեղ կենտրոնացնել կրթական ջանքերը և լոբբիստական աշխատանքները:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG