Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը արտաշատցիներին կոչ արեց միանալ դեկտեմբերի 1-ից մեկնարկող հանրահավաքներին


Հանրաքվեն ի սկզբանե ապօրինի է, Արտաշատի կենտրոնում հավաքված սակավաթիվ մարդկանց բացատրում էր Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով միանալ «Նոր Հայաստան» շարժմանն ու դեկտեմբերի 1-ից մեկնարկող հանրահավաքներով տապալել Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը, հասնել իշխանափոխության։

«Ի՞նչ դեկտեմբեր 6-ի մասին է խոսքը, ի՞նչ քվեարկության մասին է խոսքը։ Բռնատիրության օրոք ի՞նչ քվեարկություն»,- ասում էր Սեֆիլյանը։

«Ռեժիմը կերավ երկիրը»,- ասում էր Անդրիաս Ղուկասյանը՝ արտաշատցիներին հրավիրելով երևանյան հանրահավաքներով սկսել պայքարի վճռական փուլը.- «Ամսի 7-ի առավոտյան չկարողանան այդ որոշումը իրականացնել՝ տեսնելով, որ ժողովուրդը պարզապես կմաքրի, կտանի իրենց»։

«Այո»-ի շտաբը ղեկավարող վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Արարատի մարզում մեծ է, նա ծնունդով Մխչյան գյուղից է, որդին էլ՝ Արգամը, Արտաշատի քաղաքապետը: Ժիրայր Սեֆիլյանը նաև սա է համարում պատճառներից մեկը, որ ընդամենը տասնյակ մարդիկ էին եկել իրենց լսելու։

«Դա չի նշանակում, որ նրանք չեն ուզեցել մեզ տեսնել։ Բոլորս գիտենք այսօր այս ապազգային համակարգը ինչ միջոցներով է փորձում ճնշել ժողովրդին»։

Վերջին տարիներին Արտաշատում ընդդիմադիրների գրեթե բոլոր հանրահավաքներն ուղեկցվել են միջադեպերով, բանը հասել է բախումների, այս անգամ, սակայն, իշխանամերձ շրջանակները տարածք չեկան։ Արտաշատի փողոցներով երթի ժամանակ միայն փոխքաղաքապետ, հանրապետական Գագիկ Պողոսյանը դեմ առ դեմ հանդիպեց ընդդիմադիրներին ու արագ փոխեց ճանապարհը՝ հրաժարվելով պատասխանել հարցերի։

Վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նույնպես լրագրողների հետ չխոսեց, օգնականն ասաց՝ տեղում չէ: Քաղաքապետարանի հարևանությամբ տեղակայված Հանրապետական կուսակցության գրասենյակ և «Այո»-ի շտաբ ևս ներս չթողեցին։ Մուտքի մոտ կանգնած մարդը միայն վստահեցրեց՝ Արտաշատում «այո»-ն է հաղթելու։

Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման կազմում է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց նրա օրինակով է Ժիրայր Սեֆիլյանը համոզված, որ անգամ փողոց դուրս եկած քիչ մարդկանցով է հնարավոր հաղթել։

«Ոչ ոք չէր հավատում, որ ժողովուրդը կարող է կես միլիոնից ավելի ձայն տալ, նույնիսկ ես չէի հավատում։ Համոզված եմ, որ պետք եղած քանակը հավաքվելու է Երևանում, և մենք սկսելու ենք մեր պատկերացրած ճնշումը»,- ասաց նա։

Սեֆիլյանը նաև լիահույս է, որ մինչ այդ կհարթվեն մարտավարական տարաձայնությունները Հայ ազգային կոնգրեսի հետ:

XS
SM
MD
LG