Մատչելիության հղումներ

Լեռնապատցիներին սահմանադրական փոփոխությունները չեն հետաքրքրում


Տեսարան Լոռու մարզի Լեռնապատ գյուղից:

Տեսարան Լոռու մարզի Լեռնապատ գյուղից:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին շուրջ կես ամիս է մնացել, սակայն Լոռու մարզի Լեռնապատ գյուղ առայժմ չեն այցելել ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի քարոզիչները:

Լեռնապատի անկուսակցական գյուղապետ Սարիբեկ Աբազյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե անձամբ ինքը փոփոխություններին դեմ չէ․ - «Ընդհանրապես դեպի նորը գնալը շատ լավ բան ա: Ես դա ընդունում եմ: Ինչի հին Սահմանադրությունը վա՞տ էր․․․ Նորն էլ լավ կլինի: Եթե մեծ երկրները, քաղաքակիրթ երկրները պառլամենտական են լինում, ուրեմն դա լավ ա: Մի բան, որ համամասնական ա լինելու ընտրությունները, դա ես ողջունում եմ»:

Աբազյանը պնդեց, թե լեռնապատցիների հետ զրույցներում ներկայացնում են առաջարկվող փոփոխությունների լավ ու վատ կողմերը, բայց «Ազատության» հետ զրույցում չկարողացավ նշել նախագծի որևէ վատ կողմ․ - «Ընդհանուր ես գտնում եմ, որ դրական ա, բացասական չեմ կարում որևէ բան ասեմ»:

Գյուղում անցկացրած հարցումը ցույց տվեց, որ լեռնապատցիներից շատերը տեղյակ չեն սահմանադրական փոփոխություններից, մյուսները, առօրյա հոգսերի մեջ թաղված, հետաքրքրված չեն հանրաքվեով:

«Ես չեմ լսում, ինձ ոչ մի բան հետաքրքիր չի․․․ Իմ տեղը քանդած ա, ծախսն էլ՝ արած, թաղող չկա: Հայաստան մնացել են մեռնողները, մըն էլ թաղողները», - «Ազատությանն» ասաց մի տարեց լեռնապատցի:

Գյուղապետի խոսքով՝ մարդկանց հանրաքվեն չի հետաքրքրում, քանի որ վատ սոցիալական վիճակում են․ - «Պետք է ժողովրդի մասին մտածեն: Սահմանադրություն կփոխվի, ինչ կանի, դա չգիտեմ․․․ Բայց պտի կիրառվի, պտի ժողովրդի կողքին կանգնենք, որ ժողովուրդը հասկանա, որ մտածում ա պետությունը․․․ Սա ա կարևորը: Հետո ժողովուրդը որ մի քիչ ապահովված էղավ, ժողովրդին պե՞տք ա` վարչապետը կղեկավարի, թե նախագահը կղեկավարի․․․»

Սարիբեկ Աբազյանը, այդուհանդերձ, կարծում է, որ լեռնապատցիների մեծամասնությունը կքվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին:

XS
SM
MD
LG