Մատչելիության հղումներ

logo-print

Հարազատները պատահաբար են իմացել զինվորի ծեծի և նրան հոսպիտալ տեղափոխելու մասին


Զինվոր Արթուր Հակոբյանի լուսանկարը

Զինվոր Արթուր Հակոբյանի լուսանկարը

Բանակում շարքային զինծառայող Արթուր Հակոբյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում։ Քննչական կոմիտեն ընդամենը հաղորդում է, որ հարուցվել է քրեական գործ, և զինծառայողը ճանաչվել է տուժող։

Ինչպես պնդում են հարազատները, ծեծի ու զինվորին Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխելու մասին տեղեկացել են պատահաբար։ Արթուրի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը պատմում է, որ ծանոթներից մեկը հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում տեսել է Արթուրին և տեղեկացրել հարազատներին։

«Եթե ծանոթ չունենայինք, մինչ օրս էրեխեն հոգեբուժարանում էր լինելու և տեղյակ չէինք լինելու՝ որտեղ է էրեխեն»,- ասում է մորաքույրը։

Հարազատների պնդմամբ՝ ծեծից հետո Արթուրը պարբերաբար կորցնում է հիշողությունը, մեծ դժվարությամբ է մտաբերել իր հետ կատարվածը և պատմել հարազատներին։

«Էրեխեն մենակ հիշում է, որ ծեծել է՝ «ինձ Ջիվանը նեղացրեց...», սպաներից մեկը խանութի դեմը տեսնում է էրեխուն, ինքն էլ ալկոհոլի ազդեցության տակ է լինում, ազգանունը չգիտեմ, բայց անունը էրեխեն ասում է Ջիվան, ու ասում է՝ «մութ էր, չէի կարում փախնեի»։ Մենակ էդքան բանն է տպավորվել էրեխու մեջ ու ասում է՝ սկզբից ականջս ոլորեց, հետո ապտակել է ու էդտեղից հարվածը երևի գնացել է գլխին։ Ապտակել է, որ խանութ է գնացել էրեխեն»։

Մորաքույրն ու տատն արցունքն աչքերին պատմում էին, որ Արթուրն իրենց չի ճանաչել, բժիշկները նրանց փոխանցել են, որ զինվորի մոտ հոգեկան խնդիրներ են ի հայտ եկել։

«Էրեխեն ինձ չճանաչեց, նույնիսկ ես իրեն չճանաչեցի, լրիվ նիհարած, մոտեցա, որ գրկեմ, ասում եմ՝ «Արթուր ջան, ես եմ, մորքուրն է», նույնիսկ մոտիկ չեկավ, չճանաչեց։ Բժիշկը հարցնում է՝ «Արթուր, ճանաչո՞ւմ ես իրեն», ասում է՝ «չէ, չեմ ճանաչում»»,- ասաց մորաքույրը։

«Էրեխեն չէր մոտենում, մենակ լացում էր...»,- հավելեց տատը։

Իրավապահներն ու պաշտպանության նախարարությունը չեն մանրամասնում, թե ով է զինվորի մատնանշած Ջիվանը և ինչ կարգավիճակ ունի հարուցված քրեական գործում։ Հարազատների պնդմամբ՝ փորձ է արվում կոծկել գործը, բժիշկները հարցուփորձ են արել, թե արդյոք զինվորի ընտանիքում հոգեկան շեղումներ չկան։

«Քույրերից էկան, ինձ խոսացրին, ասում է՝ հիվանդ անձնավորություն ունե՞ք ձեր գեների մեջ»,- ասաց տատը։

Հարազատները պնդում են՝ Արթուրն առողջ է, հակառակ դեպքում նրան չէին զորակոչի բանակ, հոգեկան խնդիրներն առաջացել են ծեծի արդյունքում։

«Քսանքանի կաբինետ է մտնում, որ տեսնեն՝ պիտանի՞ է զինվորական ծառայության համար, մի՞թե իրենք չեն նկատել։ Եթե հոգեկան էր, ո՞ւմ տեղը տարան մեր էրեխուն», - հարցնում է մորաքույրը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտարարում է՝ պաշտպանության նախարարությունը սովորաբար փորձում է թաքցնել բռնության դեպքերը, և սա առաջին անգամը չէ։

«Արտառոց դեպք է, երբ այդ տղան կորցրել է գիտակցությունը, չի հիշում իր ծնողին, և վստահ չեմ, թե այդ հոսպիտալներում ինչպես են վերաբերվում և ինչ բուժում են ցուցաբերում, որ չզանգահարեն ու ծնողներին չտեղեկացնեն, թե ինչ է կատարվել այդ մարդու հետ»,- ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը համոզված է՝ իրավապահները չեն բացահայտի իրականությունը՝ հակառակ դեպքում արդեն պետք է ձերբակալվեր այն սպան, որի մասին հարազատներին պատմել է զինվորը.- «Չեն բացահայտելու և չեն ասելու այն սպայի անունը, որը պետք է այժմ ձերբակալված լիներ, և քրեական գործը հարուցելը հենց այնպես չլիներ, ինչպես իրենք անում են սովորաբար բռնությունների դեպքերում»։

XS
SM
MD
LG