Մատչելիության հղումներ

Հայաստանը միանում է ԱՀԿ-ի հայտարարած Հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթին


Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում հակաբիոտիկներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սակայն Հայաստանում դրանք հիմնականում չարաշահվում են:

Խաչատրյանն ընդունում է, որ որոշ դեղատներ, անտեսելով նախարարի հրամանը, շարունակում են առանց դեղատոմսի հակաբիոտիկներ վաճառել, և որ հատկապես պոլիկլինիկաներում բժիշկները հաճախ են երեխաներին հակաբիոտիկներ նշանակում՝ առանց տվյալ դեղամիջոցի նկատմամբ հիվանդի զգայունության աստիճանը որոշելու:

«Որպեսզի տվյալ հիվանդությունը շատ արագ բուժվի, բժիշկները երբեմն բարձր չափաքանակով հակաբիոտիկ են նշանակում», - անկեղծանում է փոխնախարարն ու նշում, առայժմ նրանց չեն կարող օրենքով պատժել․ - «Հակաբիոտիկները շատ արդյունավետ դեղեր են: Եթե կա ինֆեկցիա, ապա հակաբիոտիկը շատ արագ ազդեցություն ունի: Հակաբիոտիկները շատ հաճախ նշանակվում են անհիմն՝ արագ արդյունք ստանալու ցանկությամբ: Մանկական պոլիկլինիկաներում ամենախիստը պիտի լինի»:

ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում, օրինակ, 480 հազար տուբերկուլյոզով հիվանդ մարդ այսօր կանգնած է կյանքի ու մահվան եզրին․ նրանց այլևս չեն օգնում նախկինում այդ հիվանդության բուժման համար կիրառված հակաբիոտիկները, քանի որ դրանք չարաշահվել կամ միանգամից բարձր չափաբաժնով են նշանակվել: Այս հիվանդներին բուժելու համար անհրաժեշտ է ստեղծել շատ ավելի ուժեղ հակաբիոտիկ, որը մշակելու համար երկար ժամանակ է պետք:

Հայաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը զգուշացնում է՝ հակաբիոտիկներ գնելիս պետք է ունենալ բժշկի դեղատոմս, իսկ բժիշկը, իր հերթին, պարտավոր է հատուկ անալիզ-թեստի միջոցով որոշել, թե տվյալ հիվանդի օրգանիզմը որ հակաբիոտիկը կարող է ընդունել: Ղուկասյանը պնդում է, որ Հայաստանում նույնպես մի շարք հիվանդություններ արդեն դժվար բուժելի են դարձել, որովհետև բուժման համար նշանակվող հակաբիոտիկներն արդեն կորցրել են իրենց ուժը․ - «Օրինակ, թոքաբորբը, տուբերկուլյոզը, հոնորեան․ նախկինում բուժվող վարակները այսօր գրեթե անբուժելի են դառնում հակաբիոտիկների՝ նրանց դեմ անարդյունավետ լինելու պատճառով»:

Չնայած այս զգուշացումներին՝ առանց դեղատոմսի հակաբիոտիկ վաճառող դեղատներն ու հիմնականում երեխաներին անտեղի հակաբիոտիկ նշանակող բժիշկներն այսօր չեն պատժվում օրենքով: Փոխնախարարն ասում է՝ խստագույն պատիժներ կկիրառվեն նրանց նկատմամբ, եթե այժմ ԱԺ-ում գտնվող «Դեղերի մասին» օրենքն ընդունվի: Իսկ առայժմ քաղաքացիները շարունակում են առանց դեղատոմսի հակաբիոտիկներ գնել անգամ վիրուսային հիվանդությունների դեպքում, ինչն արգելված է:

«Ազատության» հարցախույզը մայրաքաղաքի դեղատներում ու փողոցներում ցույց տվեց, որ շատերը առանց բժշկի դիմելու հակաբիոտիկներ են գնում և ընդունում:

Մասնագետները պնդում են, որ աղիքային որոշ հիվանդությունների դեպքում կենդանիներին նույնպես հակաբիոտիկներով են բուժում: Այստեղ նույնպես երբեմն բարձր չափաքանակ է կիրառվում՝ արագ արդյունք ստանալու համար, և հետագայում այդ միսը գնած սպառողը հակաբիոտիկի հերթական չափաբաժինն է ստանում:

Առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ միանալով ԱՀԿ-ի հայտարարած հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթին՝ առավել խիստ վերահսկողության տակ են առնելու նաև այդ ոլորտը:

ԱՀԿ-ն, մինչդեռ, կրկին հիշեցնում ու զգուշացնում է՝ եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք:

XS
SM
MD
LG