Մատչելիության հղումներ

Վրաստանի օգնությամբ Ադրբեջանում ԻՊ-ի հավաքագրած անձ է ձերբակալվել


Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիա, արխիվ

Վրաստանի իշխանությունների օգնությամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունները երեկ ձերբակալել են «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից հավաքագրված մի ադրբեջանցու, որը փորձել է Վրաստանի տարածքով Սիրիա հասնել: Այդ մասին նույն օրը վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիան:

«Մենք տեղեկություններ էինք փոխանցել մեր ադրբեջանցի գործընկերներին, որոնց հիման վրա երեկ Ադրբեջանի Բելաքանի քաղաքում ձերբակալվել է այդ երկրի մի քաղաքացի, որը փորձում էր ապօրինի հատել Վրաստանի սահմանը՝ Սիրիա հասնելու և իսլամիստ ահաբեկիչների ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանական կողմը բավական արագ արձագանքեց մեր դիմումին», - ասել է վրացի բարձրաստիճան պաշտոնյան՝ ընդգծելով, որ սա նմանօրինակ միակ դեպքը չէ:

«Եթե խոսենք բոլոր միջոցառումների մասին, որոնք ենթակա են հրապարակման, ապա կուզեի նշել, որ կանխվել է մի քանի տասնյակ մարդկանց մուտքը Վրաստան, այդ թվում՝ աֆրիկյան ու արաբական երկրներից, որոնք փորձել են Վրաստանով անցնել Թուրքիա, ապա՝ Սիրիա», - ասել է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիան: Վերջինս նաև նշել է, թե պաշտոնական Թբիլիսին առաջնորդվում է ռազմավարական դաշնակիցներից ստացած մի ցուցակով, որտեղ ներառված է ոչ միայն գործող, այլև հնարավոր ահաբեկիչների ավելի քան հազար անուն:

Ավելին, ըստ Իզորիայի, Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը այժմ ուսումնասիրում է համացանցի մի քանի կայքեր, որոնք աշխատում են վրացերենով և ակտիվորեն քարոզում «Իսլամական պետության» գաղափարները: «Մինչև վերջերս մենք ուսումնասիրում էինք՝ ովքեր են օգտատերերը, տեղեկություններ էինք հավաքում և հիմա ունենք հիմքերը որոշակի անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Առաջիկայում նաև կդիմենք դատարան՝ այդ կայքերն արգելափակելու պահանջով», - ասել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ չհստակեցնելով՝ կայքերը ղեկավարվում են Վրաստանի՞ տարածքից, թե՞ արտերկրից:

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի Վրաստանը չդառնա տարանցիկ երկիր «Իսլամական պետության» աջակիցների համար»,- վստահեցրել է նա:

Պաշտոնական Թբիլիսի անհանգստությունը ավելի քան հասկանալի է, եթե հաշվի առնենք , որ Իսլամական պետության առաջնորդներից Թարհան Բատիրաշվիլիին՝Օմար Չեչենը, ով համարվում է աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներրից մեկը,ծնվել է Վրաստանի Պանկիսիի կիրճում, տարիներ առաջ ծառայել Վրաստանի զինված ուժերում և մինչև այսօր շարունակում է պահպանել կապերը այդ երկրում ապրող աջակիցների հետ: Համենայնդեպս, ամիսներ առաջ՝ այս տարվա ամռանը հաղորդվեց, որՎրաստանի ներքին գործերի նախարարությունը Պանկիսիի կիրճում իրականացրածհատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է Թարհան Բատիրաշվիլիի ազգականներից մեկին և ևս չորս հոգու՝ տեղի երիտասարդներին հավաքագրելու և Սիրիա ուղարկելու կասկածանքով։

Ռուսաստանի հետ սահմանակից կիրճը արդեն շուրջ երկու տասնամյակ՝ դարձել է պատուհասՎրաստանի համար: Ռուս -չեչենական պատերազմի ընթացքում , ըստ հաղորդումների, հենց այնտեղ էին թաքնվումհարյուրավոր չեչեն զինյալներ: Տարիներ առաջ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն անգամ վերջնագիր ներկայացրեց Վրաստանի իշխանություններին՝ կամ դուք մաքրում եք կիրճը ահաբեկիչներից, կամ , մենք ինքներս հարցը կլուծենք ձեր տարածքում՝ առանց ձեր համաձայնության: Ու թեև այն ժամանակ նախագահ Շևարդնաձեն հրահագեց լայնածավալ գործողություններ իրականացնել, սակայն այսօր էլ ծայրահեղականները, ըստ հաղորդումների, շարունակում են Պանկիսիի կիրճում անարգել իրենց գաղափարները տարածել ու աջակիցներ գտնել : Վրացի փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների Կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեի խոսքերով, Պանկիսիի երիտասարդության գերակշռող մասը կապված է արմատական իսլամի գաղափարախոսության հետ:

Ի դեպ, անցած շաբաթավերջին Փարիզում իրականացված ահաբեկչություն հարձակումներից հետո, որոնց համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետությունը», Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել է պետական անվտանգության խորհրդի արտահերթնիստ հրավիրել, որը տեղի կունենա վաղը:

XS
SM
MD
LG