Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ահագնացնում է հակաահաբեկչական գործողությունները


Ֆրանսիա - Հյուսիսային Բոբինյի բնակավայրում այն տունը, որտեղ ենթադրաբար թաքնվել է ահաբեկիչների խմբերից մեկը Փարիզի հարձակումներից առաջ, 17-ը նոյեմբերի, 2015թ.

Ֆրանսիա - Հյուսիսային Բոբինյի բնակավայրում այն տունը, որտեղ ենթադրաբար թաքնվել է ահաբեկիչների խմբերից մեկը Փարիզի հարձակումներից առաջ, 17-ը նոյեմբերի, 2015թ.

Ռաքքայի ռմբակոծությունը շարունակվել է երկրորդ գիշերը, Ֆրանսիայում հակաահաբեկչական միջոցառումներում ներգրավվել է 115 հազար իրավապահ:

Արդեն երկրորդ գիշերը Սիրիայի Ռաքքա քաղաքում իսլամիստների դիրքերը ռմբակոծած և, ըստ պաշտպանության նախարարության, մեկ հրամանատարական կետ և զինավարժարան ոչնչացրած Ֆրանսիան առավել խիստ միջոցներ է ձեռնարկել՝ երկրի ներսում անվտանգության ապահովման նպատակով:

Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է 115 հազար իրավապահների մասնակցությամբ անվտանգության աննախադեպ միջոցառումների մասին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ոստիկանությունը 128 ստուգում է իրականացրել այն բնակավայրերում, որտեղ, ըստ իրավապահների տվյալների, հնարավոր է, որ ապաստանել են իսլամիստ ծայրահեղականությանն առնչություն ունեցողները:

Խստացված ռեժիմով իրավապահները ստուգումները շարունակում են նաև Բելգիայում, ոստիկանների և հատուկ ծառայությունների ներուժը կենտրոնացած է ահաբեկչությանը հանցակից լինելու մեջ կասկածվող 26-ամյա Սալեհ Աբդեսլամին հայտնաբերելու նպատակով, հրապարակվել է նրա ևս մեկ լուսանկար: Սալեհի եղբայր Իբրահիմը Փարիզի դեպքերին մասնակից մահապարտ ահաբեկիչներից է: Եղբայրներից երրորդը՝ Մուհամեդ Աբդեսլամը, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է՝ ընտանիքում տեղյակ չեն եղել, թե ինչով են զբաղված Սալեհն ու «Բատակլան» համերգասրահի վրա հարձակման ժամանակ սպանված 31-ամյա Իբրահիմը: Օրերս ձերբակալված, ապա ահաբեկչությունների հետ կապ չունենալու հիմնավորմամբ ազատ արձակված Մուհամեդն ասել է, որ Սալեհը փարիզյան ահաբեկչական գործողություններից հետո կապ չի հաստատել ընտանիքի հետ:

France 24-ը հաղորդել է տեղեկություն, ըստ որի՝ ոստիկանները Ֆրանսիայում հայտնաբերել են մեքենան, որը, ըստ օպերատիվ տվյալների, օգտագործել են ահաբեկիչները նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողություններն իրականացնելիս:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը հայտարարել է, որ Եվրամիության յուրաքանչյուր երկիր Ֆրանսիային պետք է աջակցի:

Եվրամիության պաշտպանության նախարարներն այսօր Բրյուսելում քննարկել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո «Իսլամական պետության» դեմ պայքարելու հնարավորությունը:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է. - «Այսօր մենք ցուցաբերում ենք մեր համերաշխությունը Ֆրանսիայի հետ: Պատրաստվում ենք շատ ուշադիր լսել, թե ինչ կասի Ֆրանսիան, և վերլուծել, թե ինչ կակնկալի Ֆրանսիան մեզնից: Մենք պատրաստվում ենք անել այն ամենը, ինչ կա մեր ձեռքին, որ կարող ենք տալ նրանց, օգնել և աջակցել»:

Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին կարևորել է այս օրը և բացատրել․ - «Եվրոպան ուզում է Ֆրանսիային ցույց տալ, որ միասնականությունն ընդդեմ ահաբեկչության շատ կարևոր է նաև Եվրոպայի համար: Մենք բոլորս սատարում ենք Ֆրանսիային, քանի որ բոլորս կարծում ենք, որ Փարիզի վրա հարձակումը հարձակում էր Եվրոպայի հիմքի վրա: Այսօր մենք պետք է քննարկենք՝ ինչպես պայքարել ընդդեմ ահաբեկչության»: Պինոտին ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարը ենթադրում է տևական ժամանակ: Նախարարը վստահ պնդել է, որ միասնաբար կիրառելով անհրաժեշտ գործիքները՝ եվրոպական երկրները «ավելի ուժեղ» կլինեն:

Երեկ երեկոյան Փարիզ այցելած և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հանդիպած Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է. - «Մենք խոսեցինք կարևոր քայլերի մասին, որոնք, կարծում ենք, միասին կանենք տարբեր ոլորտներում՝ մեծացնելով մեր ջանքերը և լինելով առավել արդյունավետ՝ «Իսլամական պետության» դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG