Մատչելիության հղումներ

Պուտին․ «Հատուցումն անխուսափելի է»


Ռուսաստան - Կրեմլում կայացած խորհրդակցության մասնակիցները, Մոսկվա, 16-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստան - Կրեմլում կայացած խորհրդակցության մասնակիցները, Մոսկվա, 16-ը նոյեմբերի, 2015թ․

Ռուսաստանի իշխանությունները հստակ հրաման են արձակել՝ ոչնչացնել A321-ի դեմ հարձակման բոլոր մեղավորներին:

Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանումից 17 օր անց պաշտոնական Մոսկվան վերջապես հաստատում է` 224 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարը ահաբեկչական գործողության հետևանք էր: Այս մասին երեկ ուշ երեկոյան Կրեմլում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարեց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Հետազոտվել են ուղևորների անձնական իրերը, ուղեբեռը, օդանավի բեկորները: Փորձագիտական հետազոտությունների արդյունքում հիշատակված բոլոր իրերի վրա օտարերկրյա արտադրության պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել: Մեր մասնագետների գնահատմամբ՝ թռիչքի ընթացքում օդանավում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել: Դրա հզորությունը համարժեք էր տրոտիլի մեկ կիլոգրամին: Պայթյունի հետևանքով ինքնաթիռը օդում մասերի է բաժանվել: Կարելի է միանշանակորեն պնդել, որ դա ահաբեկչական գործողություն էր», - նշում էր Բորտնիկովը:

Ռուսաստանի նախագահը հատուկ ծառայությունների ղեկավարների, պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, ինչպես նաև արտգործնախարարի մասնակցությամբ այս խորհրդակցությունը հրավիրեց կեսգիշերին մոտ` Մեծ քսանյակի Անթալիայում կայացած գագաթնաժողովից վերադառնալուց անմիջապես հետո:

Ուշագրավ է, ի դեպ, որ առաջինն օդանավի կործանման ահաբեկչական վարկածի մասին խոսեցին արևմտյան` նախևառաջ բրիտանական հատուկ ծառայությունները: Ռուսական կողմը սկզբում խիստ թերահավատորեն վերաբերվեց այս պնդումներին: Այսօր, սակայն, իրադրությունը տրամագծորեն հակառակն է:

«Մենք որևէ մեկին և ոչինչ չենք մոռացել: Մեր քաղաքացիների` Սինայում տեղի ունեցած սպանությունը ամենաարյունալիներից մեկն է` զոհերի քանակի առումով: Մենք չենք սրբելու արցունքները մեր հոգիներից ու սրտերից: Դա մեզ հետ կմնա ընդմիշտ: Բայց դա մեզ չի խանգարի, որպեսզի մենք գտնենք ու պատժենք հանցագործներին», - հայտարարում էր Վլադիմիր Պուտինը` հատուկ ընդգծելով, որ ահաբեկչական գործողության հեղինակների հայտնաբերումը պետք է դառնա երկրի հատուկ ծառայությունների առաջնահերթությունը:

«Մենք գործելու ենք ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան, որը թույլատրում է պետություններին ինքնապաշտպանության դիմել: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն աջակցություն ցուցաբերել հանցագործներին, պետք է հստակ իմանան` [ահաբեկիչներին] թաքցնելու փորձերի բոլոր հետևանքները իրենք են կրելու: Ես խնդրում եմ մեր բոլոր հատուկ ծառայություններին կենտրոնանալ այս աշխատանքի վրա», - ասաց Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով, ի դեպ, Սինայի թերակղզում տեղի ունեցած ողբերգությանը հաջորդող գործողություններում լուրջ անելիք ունեն ոչ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունները, այլև երկրի զինված ուժերը:

«Մեր ավիացիայի ռազմական աշխատանքը Սիրիայում ոչ միայն պետք է շարունակվի, այն պետք է ավելի ակտիվ բնույթ ստանա: Հանցագործները պետք է հասկանան` հատուցումն անխուսափելի է», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը` հանձնարարելով երկրի ռազմական գերատեսչությանը Սիրիայում ընթացող գործողությունների մարտավարության վերաբերյալ նոր առաջարկներ ներկայացնել:

Կրեմլում կայացած խորհրդակցության ավարտից մի քանի ժամ անց էլ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը հայտարարեց, որ ռուսական օդանավի դեմ հարձակման կազմակերպիչների մասին տեղեկատվության դիմաց Մոսկվան ահռելի դրամական պարգև է խոստանում` 50 միլիոն ամերիկյան դոլար: Համեմատության համար նշենք, որ Բուդյոնովսկի և Բեսլանի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Շամիլ Բասաևի գլխագինը ընդամենը 10 միլիոն դոլար էր:

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ էլ՝ Ռուսաստանի իշխանությունները հստակ հրաման են արձակել` ոչնչացնել A321-ի դեմ իրականացված հարձակման բոլոր մեղավորներին:

«Մենք նրանց որոնելու ենք ամենուր, որտեղ էլ նրանք թաքնվեն: Մենք հանցագործներին կգտնենք երկրագնդի ցանկացած կետում և կպատժենք», - Կրեմլում կայացած գիշերային խորհրդակցության ժամանակ հայտարարում էր Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG