Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների թարմացված ցուցակները


Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է 2 մլն 553 հազար 85 քաղաքացի, ինչը 1247-ով պակաս է, քան նախորդ՝ շուրջ տասն օր առաջ հրապարակված ցուցակում:

Ընդդիմադիրները, մինչդեռ, շարունակում են պնդել, որ ցուցակներն ուռճացված են:

«Մենք ինքներս ենք շրջում քաղաքներով և գյուղերով և տեսնում ենք, թե ինչպիսի դատարկություն է տիրում: Հետևաբար միանշանակված դա ուռճացված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Շուրջ մեկուկես միլիոն մարդ Հայաստանից արտագաղթել է, բայց մեր ցուցակները 15-20 տարվա ընթացքում ավելացել են շուրջ կես միլիոնով: Սա աբուրդի գագաթն է», - հավելեց նրա գործընկեր Արամ Մանուկյանը (ՀԱԿ):

Փոստանջյանի կարծիքով, ցուցակների վերանայումը ձևական գործընթաց է, որով Ոստիկանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե աշխատանք է կատարում:

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի պնդմամբ՝ ընտրողների ցուցակների ճշտումը պայմանավորված չէ ընդդիմադիրների պնդումներով․ ընտրողների թիվը նվազել է, քանի որ ցուցակներից հանվել են, օրինակ, վերջին տասը օրերին մահացածների անունները․ - «Դա չի կարող կատարվել որևիցե անձի հայտարարության կամ բողոքի հիման վրա: Անկախ նրանից, թե ընդդիմությունը ինչ փաստարկներ կներկայացնի, դրանք հիմնավոր են թե հիմնավոր չեն, սա դրա հետ բացարձակապես կապ չունի»:

Ոստիկանության հրապարակած տվյալները, հիշեցնենք, էականորեն տարբերվում են պաշտոնական այլ տվյալներից․ ըստ Ազգային վիճակագրական ծառայության, օրինակ, Հայաստանում մշտապես բնակվում է կամ հաշվառված է ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 283 հազար քաղաքացի, այն է՝ մոտ 271 հազարով պակաս Ոստիկանության տվյալներից:

Արամ Մանուկյանը նշեց, որ սահմանային անցակետերում գործում է անձնագրերի սքանավորման համակարգ, և ցանկության դեպքում իշխանությունները կարող են արագ ճշտել երկրից բացակայողների թիվը․ - «Ասում ենք՝ երկու ցուցակ կազմեք․ Հայաստանի քաղաքացիների, որոնք արտասահմանում են և քվեարկելու իրավունք ունեն, և Հայաստանի քաղաքացիների, որոնք էստեղ են և քվեարկելու իրավունք ունեն: Որպեսզի մաքրվի․․․ էդ տարբերությունը երկու անգամ է․ եթե հիմա 2.6 միլիոն մարդ կա ցուցակում, դրա կեսը չկա Հայաստանում: Այսինքն երկու անգամ ուռճացված է ցուցակը»:

Սահմանադրական փոփոխությունները մերժողները համոզված են, որ ցուցակներն ուռճացվել են հանրաքվեն կեղծելու նպատակով: «Ցուցակն ինչքան մեծանում է, այնքան խախտումներ անելու և խճողելու հնարավորությունն է մեծանում: Դրա համար էլ իրենք չեն պարզեցնում մեխանիզմը, ընդհակառակը՝ խուճուճացնում են», - ասաց Արամ Մանուկյանը։

Ցուցակներն ուռճացնելու վերաբերյալ հայտարարությունները իշխող ՀՀԿ-ում անհեթեթ են որակում: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պնդում է, թե դա ձեռնտու չէ իշխանությանը, քանի որ ընտրողների թվի մեծացմանը զուգընթաց բարձրանում է նաև «այո»-ի համար անհրաժեշտ քվեների նվազագույն շեմը:

«Դա ընդամենը քաղաքական շահարկում են, որոնք նպատակ են հետապնում քարոզչությունը փորձելու իրենց նպատակին ծառայեցնելու», - հավելեց Մելիքյանը:

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ, ըստ օրենքի, մինչև դեկտեմբերի 6-ը ցուցակները կթարմացվեն ևս երկու անգամ՝ հիմք ընդունելով ոչ թե Ազգային վիճակագրական ծառայության, այլ միայն Անձնագրային և վիզաների վարչության տվյալները:

XS
SM
MD
LG