Մատչելիության հղումներ

Մոսկվան հաստատեց՝ A321-ի կործանման պատճառը ահաբեկչությունն է


Եգիպտոս - Սինայի թերակղզում կործանված A321-ի բեկորները, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Եգիպտոս - Սինայի թերակղզում կործանված A321-ի բեկորները, 1-ը նոյեմբերի, 2015թ․

Պուտինը վստահեցնում է, որ Ռուսաստանը կգտնի ահաբեկիչներին մոլորակի ցանկացած կետում և կպատժի:

Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ կործանված օդանավի բեկորների վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութերի հետքեր: Բորտնիկովը նշել է, որ ավիաաղետի պատճառ է դարձել տրոտիլային համարժեքով մինչև 1 կիլոգրամ հզորությամբ ինքնաշեն սարքի պայթյունը:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կգտնի ահաբեկիչներին մոլորակի ցանկացած կետում և կպատժի: Նա վստահեցրել է, որ ռուսական օդանավի նկատմամբ ահաբեկչության մեղավորները հայտնաբերվելու և պատժվելու են, և հանձնարարել է հատուկ ծառայություններին կենտրոնանալ այդ ոճրագործությանն առնչություն ունեցած անձանց որոնումների վրա:

Ռուսաստանի նախագահը նաև պահանջել է ուժեղացնել ռազմական գործողությունը Սիրիայում: «Սիրիայում օդուժի մեր մարտական աշխատանքը ոչ թե պարզապես շարունակվելու է, այն ուժեղացվելու է այնպես, որպեսզի հանցագործները հասկանան, որ հատուցումն անխուսափելի է» - հայտարարել է Պուտինը երեկ ուշ երեկոյան անցկացրած խորհրդակցության ժամանակ:

Հիշեցնենք՝ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող ինքնաթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 224 մարդ: Ռուսաստանը մինչ այժմ դեռ պաշտոնապես չէր հաստատում, որ ավիաաղետի պատճառը ահաբեկչությունն է, թեև մասնավորապես բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները ամենահավանականը համարում էին հենց այդ վարկածը։

Առաջին անգամ պաշտոնական Մոսկվան ահաբեկչական գործողությունը օդանավի կործանման հավանական պատճառ համարեց աղետից տասն օր անց՝ նոյեմբերի 10-ին․ այդ մասին ասել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG