Մատչելիության հղումներ

Ոչ լրիվ դրույքով աշխատող գիտնականները զրկվել են 25-50 հազար դրամ հավելավճարից


Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը

Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը

Ոչ լրիվ դրույքով աշխատող գիտնականները, որոնք ստանում են նվազագույն՝ 55 հազար դրամից էլ ցածր աշխատավարձ, արդեն մեկ ամիս է Կառավարության որոշմամբ զրկվել են նաև հավելավճարից, որը գիտությունների թեկնածուների դեպքում կազմում էր 25 հազար, իսկ դոկտորների դեպքում՝ 50 հազար դրամ:

Թեպետ որոշումը ուժի մեջ է հոկտեմբերից, Գիտությունների ազգային ակադեմիայի արհմիության միացյալ կոմիտեի նախագահ Մերի Չալտիկյանն ասում է՝ իրենք միայն օրեր առաջ են դժգոհություններ ստացել ինստիտուտների ղեկավարներից։

«Օրինակ, պատմության ինստիտուտում 25 հոգի ընկել են այդ օրենքի տակ։ Ինստիտուտը գումար չունի, որպեսզի իրենց աշխատավարձ տա, բայց չի էլ ուզում կտրվի երիտասարդ գիտնականներից։ Գոնե ինչ-որ ձևով էդ էրեխեքը համաձայնում են աշխատել, էլ չեմ ասում, որ դա էնքան խղճուկ փող է։ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «գիտնականների հավելավճարներն ենք ավելացրել», ըհը՛, մի քանի ամիս անցավ, էս օյինը բերեցին մեր էրեխեքի գլխին»,- «Ազատությանն» ասաց Չալտիկյանը։

Հատկանշական է, որ Կառավարությունն այս տարեսկզբին ավելացրել էր նույն այդ հավելավճարները՝ դա ներկայացնելով որպես գիտության զարգացմանն ուղղված ձեռքբերում։ Մինչ այդ բարձրացումը թեկնածուներին տրվում էր 10 հազար, իսկ դոկտորներին՝ 20 հազար դրամ հավելավճար: Ինն ամիս անց, փաստորեն, Կառավարությունը որոշել է այս գումարներից զրկել այն գիտնականներին, որոնք ոչ ամբողջական դրույքով են ձևակերպված գիտական ինստիտուտներում և զուգահեռ դասախոսում կամ այլ աշխատանքով են զբաղվում:

Գիտության պետական կոմիտեի փոխնախագահը պնդում է՝ հիմնականում զրկվում են նրանք, ովքեր գիտական ծրագրերում ընդգրկված չեն.- «Այսինքն մարդը դասախոսական աշխատանք է իրականացնում, իրեն փոքր աշխատավարձով գրում են գիտական ծրագրի մեջ՝ լրացնելով մնացած 50 հազարը։ Դա մեծ հնարավորություն է տալիս ֆինանսավորումը ավելի հասցեական դարձնել և տալ այն մարդկանց, ովքեր գիտնականներ են, այլ ոչ թե ինքը դասախոս է, ձեռի հետ էլ իրեն գրում են 17 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի 50 հազար դրամ հավելավճար տան»,- ասաց Վարդան Սահակյան։

Գիտական ինստիտուտների ղեկավարները, մինչդեռ, վստահեցնում են, որ Կառավարության այս նորարարության արդյունքում կտուժեն հենց գիտությամբ զբաղվող մասնագետները։ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը պնդում է՝ ոչ ամբողջական դրույքով աշխատող գիտնականները հիմնականում երիտասարդներ են, ովքեր զուգահեռ նաև սովորում են, իսկ դոկտորները՝ դասախոսում:

«Ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը ստացա, բայց մյուս կողմից դա խիստ սահմանափակեց մեր հետազոտությունների զարգացման հնարավորությունները, որովհետև այդ արտաբյուջեի հնարավորությունները պետք է գնային ոչ թե աշխատավարձի ավելացմանը, այլ նյութերի և սարքերի ձեռքբերմանը»,- ասաց Առաքելյանը։

Արձագանքելով Գիտպետկոմի փոխնախագահի խոսքերին, թե սա հիմնականում ֆիլտրող օրենք է, Առաքելյանը հակադարձում է՝ գիտնականի որակը աշխատանքի դրույքաչափով չի որոշվում։

Երիտասարդ գիտնականներին չկորցնելու համար Առաքելյանը ստիպված է նրանց աշխատանքի վերցնել ոչ ամբողջական դրույքով, բայց ամբողջական աշխատավարձ վճարել՝ արտաբյուջետային գումարներից: Ստացվում է՝ ինստիտուտի գումարները ծախսվում են միայն այս նպատակով, և միջոցներ չեն մնում տեխնիկական վերազինման կամ այլ ծախսերի համար:

«Եթե խոսքը ինչ-որ կերպ չաշխատող գիտնականներին ֆիլտրելու և աշխատողներին խրախուսելու մասին է, ապա աշխատաժամերի չափը չէ, այլ գիտական և տեխնոլոգիական արդյունքներն են հանդիսանում չափանիշը»,- շեշտեց Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենը։

Մինչ ԳԱԱ արհմիությունը պատրաստվում է ի մի բերել գիտական ինստիտուտներից ստացած բողոքները և նախագահից ու վարչապետից պահանջել, որ վերականգնվեն հավելավճարները, «Օրինաց երկրի» պատգամավոր Հեղինե Բիշարյանը հիշեցնում է՝ գիտելիքահեն տնտեսության մասին հայտարարող Կառավարությունն օրեր առաջ որոշեց բարձրացնել դատախազների աշխատավարձերը։

«Ստացվում է այնպես, որ հիմա դատախազների աշխատավարձի համար տարեկան 311 միլիոն դրամ պետք է դրվի շրջանառության մեջ, որպեսզի իրենց աշխատավարձը բարձրանա 30-40 հազար դրամով։ Դատախազների աշխատավարձը ցածր չէ»,- շեշտեց պատգամավորը։

XS
SM
MD
LG